Նորություններ

«Իրեն ընդդիմություն հռչակած ուժը գործող իշխանության հետ որոշակի խաղի մեջ է, եւ իրենք միմյանց փոխանցում են հաջորդ քայլերն ու կեղծ օրակարգեր թելադրում». Ն. Կարապետյանց

«Արտահերթ ընտրությունների գնալու մասին հայտարարությունով իշխանության կողմից մանիպուլյացիա արվեց զուտ իրավիճակը հանդարտեցնելու, ավելի քաղաքակիրթ տարբերակով շարունակելու իրենց ղեկավարումը:

Հասկացան, որ իրենք իսկապես չունեն այդպիսի մեծ սատարում և ի վիճակի չեն լինելու մեծամասնություն կազմել. մնացին կառչած իրենց աթոռներից, պաշտոններից, պարգևավճարներից, իրենց արտոնություններից և ընտրեցին վատագույն տարբերակը, որով առաջնորդվում էր նախորդ հանցավոր ռեժիմը, այսինքն՝ գնացին էժանագին մանիպուլյացիաների ճանապարհով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Կարապետյանցի խոսքով՝ այս իշխանությունները դեռ շատ վաղուց էին կտրվել իրականությունից:

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս հայտարարել է, որ վերադառնալու է մեծ քաղաքականություն:

Իրավապաշտպանի կարծիքով՝ այն պատկերացմամբ, որ Քոչարյանն ունի, ինքը իհարկե այդ հնարավորությունը չի ունենալու վերադառնալու համար.

«Ես ենթադրում եմ, որ Քոչարյանն ինչ-որ չափով սատարում կստանա, և Կրեմլն էլ իր ագենտուրայի ռեսուրսը կօգտագործի, բայց այն մասշտաբի, որ Քոչարյանը պատկերացնում է, այսինքն պիտի վերադառնա 50, 60, 70% ձայնով, դա բացառված տարբերակ է:

Իհարկե իրեն սատարողներ կան, որովհետև գործող իշխանությունը առաջարկում է տարբերակ, որի ընթացքում հասարակությունը, հանրությունը պիտի ընտրի երկու զուգահեռ բևեռներից որևէ մեկը, այսինքն՝ հեղափոխություն տապալած և պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ հանցավոր ռեժիմի որևէ ներկայացուցչի: Սա ևս մանիպուլյացիա է, որովհետև իրականության մեջ գոյություն ունեն նաև այլ քաղաքական ուժեր, և այդ քաղաքական ուժերը կարող են կազմել երրորդ բևեռ:

Հետևաբար վախեր սերմանելը ձեռնտու է և՛ գործող իշխանությանը, և՛ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին, և շատ լավ իրար «փոխանցումներ» են անում: Նախկին հանցավոր ուժերը կարող են ինչ-որ ծավալի ձայն հավաքել, բայց հաստատ չեն կարող լինել մեծամասնություն»,- հայտարարեց Նինա Կարապետյանցը:

Վերջինիս խոսքով՝ իրեն ընդդիմություն հռչակած ուժը գործող իշխանության հետ որոշակի խաղի մեջ է, ու իրենք միմյանց փոխանցում են հաջորդ քայլերը, այսինքն՝ իրենց գործողությունները հետևում են մեկը մյուսին և կեղծ օրակարգեր են թելադրում. ժողովրդին թեմաներ են տալիս քննարկելու, որպեսզի շեղեն կարևոր խնդիրների լուծումից:

«Մենք ունենք շատ քաղաքական ուժեր, ովքեր երիտասարդ են և բոլոր շանսերն ունեն երրորդ բևեռ ստեղծելու, և նրանք կարող են ունենալ բավականաչափ հզոր ներուժ՝ դիմակայելու այս երկու բևեռներին: Այս երկու բևեռները մարդկանց մեջ մանիպուլացվում են և դիտավորյալ են մանիպուլացվում՝ գործող իշխանությունների և հանցավոր ռեժիմի կողմից, որովհետև իրենց ձեռնտու է ունենալ ապիկար իշխանություն և հանցավոր ընդդիմություն, բայց իրականության մեջ գոյություն ունեն առողջ քաղաքական ուժեր. գուցե դեռ շատ չկայացած, ոտքի չկանգնած, բայց մենք ունենք այդ քաղաքական ուժերը, և այդ ուժերի համար կան շանսեր միավորման և իշխանության գալու»,- եզրափակեց Նինա Կարապետյանցը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close