Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Ի՞նչ է լինելու «Վառեմ-մարեմ»-ի հայտնի շենքի ճակատագիրը. Մշակույթի նախարարության տարիների անտարբերության արդյունքում շենքը փլուզման եզրին է

Գյումրիի ավագանու այսօրվա նիստում քննարկման էր դրված «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի շենքի հարցը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ կառավարությանը՝ շենքերի վերականգնումից հետո այն «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման տրամադրելու վերաբերյալ, և այդ թեմայով շրջանառության մեջ է դրված կառավարության որոշման նախագիծ:

Նշենք, որ Շչորսի 2 և Աճեմյան 2 շենքերը դեռևս 2009 թվականին սեփականության իրավունքով նվիրաբերվել են մշակույթի նախարարությանը: Շենքը վերանորոգվելու և ծառայելու էր որպես Գյումրիի մշակութային կենտրոն, երկրագիտական թանգարան:

Նախարարությունը սակայն անցած տարիների ընթացքում չի արել ոչինչ, շենքը մատնվել է անտերության: Տարիների ընթացքում քանդվել է տանիքը. այսօր այն կանգնած է փլուզման եզրին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկը՝ հիշյալ շենքի հետ կապված, այսօր քննարկման առարկա դարձավ:

ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամ Արամ Խաչատրյանը հետաքրքրվեց՝ այս անգամ կա՞ն երաշխիքներ, որ շենքը կվերանորոգվի: Գյումրիի քաղաքապետը վստահեցրեց՝ գումարը հատկացված է արդեն:

Լևոն Բարսեղյանը հիշեցրեց նախարարության անփույթ գործելաոճի մասին:

«12 տարի շարունակ այդ շենքի տերը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, մատը մատին չի խփել: 12 տարում այդ շենքը ահագին քայքայվել է: Պատշգամբի շենքը վերևից ներքև բլած-թափած է ու փորձանքի բուն է: Այն ժամանակ էլ են խոստումներ եղել, երաշխիքներ են տվել, երդում են կերել: Հիմա էլ նույն բանն է: Կասկածի տակ չառնելով խոստացողների բարեխղճությունը՝ պրակտիկան հուշում է, որ խաբեբայության հետ գործ ունենք շարունակ: Հնարավոր չէ՞ կառավարությանն ասել՝ ախպեր, ետ տվեք, մենք կանենք: Ետ տվեք, ժողովրդով կհավաքվենք այդ շենքը կսարքենք»,- նշեց Լևոն Բարսեղյանը:

Բալասանյանը կրկին հիշեցրեց՝ կա ստորագրված եռակողմ հուշագիր՝ ՀՀ կառավարության, «Սինոփսիս», Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, հույս հայտնելով, որ այս անգամ շենքը կվերականգնվի:

Back to top button
Close