Նորություններ

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Լին Թրեյսիին և Դեյվիդ Հոֆմանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին:

Նախարարը, ողջունելով հյուրերին, իր երախտագիտությունն է հայտնել նրանց` ամուր և երկարատև գործակցության համար: Նա նշել է, որ 2020 թվականը մարտահրավերներով լի տարի է եղել առողջապահական համակարգի համար: Մի կողմից կորոնավիրուսային համավարակի պայմաններում ծանրաբեռնված աշխատանքը, մյուս կողմից` արցախյան պատերազմը. «Չնայած լուրջ մարտահրավերներին` առողջապահական համակարգը կարողացել է հաղթահարել իր առջև դրված բոլոր խնդիրները»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:

ԱՄՆ դեսպանը ևս գնահատել է երկրների միջև սերտ համագործակցությունը, այնուհետև հետաքրքրվել Հայաստանի առողջապահական համակարգի ներկա վիճակի և կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի ձեռքբերման մասին, ինչպես նաև մանրամասներ խնդրել նախարարից` հասկանալու հնարավոր աջակցության ուղղությունները:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է դեսպանին հետաքրքրող հարցերի մանրամասները և հավելել. «Հայաստանի Հանրապետությունն այժմ բանակցություններ է վարում պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ: Մենք բաց ենք բոլոր քննարկումների համար, դիտարկում ենք մեր երկրի համար հարմար և անվտանգ տարբերակները»:

Հաշվի առնելով հանրապետությունում COVID-19-ի կայուն և վերահսկելի դրությունը` նախարարը նշել է, որ այժմ համակարգը քիչ թե շատ շնչում է ու հնարավորություն ունի կենտրոնանալու մյուս` ոչ պակաս կարևոր ճյուղերի վրա:

Back to top button
Close