Նորություններ

«Իշխանությունը վստահ չէ, որ արտահերթ ընտրություններ նախաձեռնելու պրոցեսում խնդիրներ չի ունենա». Տ. Սիմոնյան

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների չգնալու հիմնական պատճաառը ես տեսնում եմ նրանում, որ իշխանությունը հասկացավ, որ ընտրություններ կազմակերպելու պարագայում իրենք հաջողության չեն հասնելու և դրա համար հետ են կանգնել: Իշխանությունը վախենում է, որ չի կարող բավարար քանակի ձայն հավաքել և ապահովել իշխանություն դառնալու հնարավորությունը»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխանությունը վստահ չէ, որ արտահերթ ընտրություններ նախաձեռնելու պրոցեսում խնդիրներ չի ունենա:

«Արտահերթ ընտրություններն իրականացվում է այն ժամանակ, երբ վարչապետը հրաժարական է տալիս և 2 անգամ չի ընտրվում, և իրենք վստահ չեն, որ «Իմ քայլը» խմբակցությունը չի ընտրի ուրիշ վարչապետ: Այդ ամենից խուսափելով, ռիսկի չգնալով՝ որոշել են, որ ոչինչ չեն անի:

Նրանք քաղաքական միջավայրի իրական զգացողություն չունեն, լրիվ կտրվել են իրականությունից և ամեն գնով փորձում են պահել իշխանությունը»,- շարունակեց Սիմոնյանը:

ԼՀԿ-ական պատգամավորը, անդրադառնալով իշխանականների այն դիտարկմանը, թե հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, հայտարարեց.

«Հասկանալու համար՝ կա հանրային պահանջ, թե ոչ, պետք է կազմակերպվի սոցիալական լուրջ հարցումներ և ոչ թե փողոցում պարզապես հարցումներ, այլ սոցիոլոգիական հարցումներ: Եթե չկան նման հարցումներ, ապա ո՞վ է որոշել՝ հանրային պահանջ կա, թե չկա»:

Սիմոնյանը շեշտեց. «Մենք մեր պայքարի օրակարգը և 13 կետանոց ճանապարհային քարտեզը հրապարակել ենք, որտեղ 1-ին կետը վարչապետի հրաժարականն է, ով պարտության սիմվոլն է համարվում:

Մյուս կետերը վերաբերում են անցումային կառավարության ձևավորմանը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը՝ 6 ամսից 1 տարվա կտրվածքով, որպեսզի հասարակության մեջ ընտրական մթնոլորտ ձևավորվի և գնանք ընտրությունների: Մենք պիտի պայքարենք, որ լինի այդ պրոցեսը»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button