Նորություններ

Տիգրան Ավինյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

Փետրվարի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքական հիմնական ուղղություններից է: Հանդիսանալով միջկառավարական հանձնաժողովի նախագահ՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է հայ-վրացական բարեկամական փոխգործակցության հետևողական ամրապնդման կարևորությունը:

Դեսպան Սագանելիձեն նշել է, որ երկկողմ օրակարգի ուղղություններով համատեղ ու արդյունավետ աշխատանքի միջոցով հավակնոտ առաջընթաց կարելի է գրանցել:

Փոխվարչապետը հայ-վրացական հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է համարել առևտրատնտեսական համագործակցությունը, որի փոխշահավետ ընդլայնման համար բոլոր անհրաժեշտ պայմաններն առկա են: Այս համատեքստում կարևորվել է 2019թ.-ին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսումը:

Զրույցի ընթացքում Տիգրան Ավինյանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը, որը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթությունը:

Անդրադարձ է կատարվել «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցերին և դրա շրջանակում նոր հնարավորություններին:  Երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության բարելավման համատեքստում քննարկվել է Բավրայի և Գոգավանի անցակետերից դեպի Վրաստանի խորք գնացող ճանապարհների վերանորոգման աշխատանքների ընթացքը:

Երկկողմ շփումներն ակտիվացնելու և զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով անդրադարձ է կատարվել նույնականացման քարտերով սահմանների հատման հնարավորությանը:

Կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ» էներգետիկ միջանցքի ծրագիրը, դրա ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները, ինչպես նաև նախատեսվող քայլերը:

Back to top button
Close