Նորություններ

Ջավախքի բնակիչները որ դեպքում կարող են հատել վրաց- հայկական սահմանը․ նոր փոփոխություններ

Ջավախքի բնակիչները, որոնք Վրաստանի քաղաքացի են, վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն ստանալու համար այսուհետ կարող են դիմել Ախալքալաքի եւ Նինոծմինդայի քաղաքապետարաններ: Իսկ գյուղերում ապրող բնակիչները կարող են դիմել համայնքապետերին եւ տվյալ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչներին:

Վրաստանի սահմանը հատելու թույլտվություն կարող են ստանալ ուսանողները, մարդիկ որոնք ցանկանում են Հայաստանում ստանալ բուժօգնություն (հարկավոր է տեղեկանք բժշկից) եւ արտագնա աշխատանքի մեկնողները:

Արտագնա աշխատանքի մեկնելու նպատակով թույլտվություն ստացած անձը, լքելով Վրաստանը, առաջին 2 ամսում զրկվում է երկիր վերադառնալու իրավունքից: Այդ անձանց մեկնելու համար անհրաժեշտ է միայն անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր):
Վերոնշյալ արտոնությունը ստանալու եւ երկիրը լքելու համար Վրաստանի հայաբնակ Ախալքալք քաղաքում անցնող օրերին լայնամասշտաբ բողոքի ցույցեր էին տեղի ունեցել։ Ցույցի մասնակիցները Վրաստանի կառավարությունից պահանջում էին բացել Հայաստանի եւ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանները: Ախալքալաքում փետրվարի 10-ին եւս նախատեսել էին հերթական բողոքի ցույցը, որը ենթադրվում է տեղի չի ունենա, քանի որ խնդիրը լուծվել է։

Նկատենք՝ ուժի մեջ է մնում նաեւ ավելի վաղ հայտարարված PCR թեստավորումը․ վրաց- հայկական սահմանը հատելու համար Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պարտադիր պետք է ունենան PCR թեստի բացասական պատասխան, որը վավեր է մինչեւ 72 ժամ:

Ըստ jnews լրատվականի՝ Հայաստան գնացող քաղաքացիների գրանցումը իրականացվում է փուլ առ փուլ, առաջին փուլում կարեւորությունը տրվել է ուսանողներին, այնուհետեւ արտագնա աշխատանքի մեկնողներին, այս ամբողջ ընթացքում իրականացվել եւ իրականացվում է նաև առողջական խնդիրներ ունեցող անձանց գրանցումը։

Հիշեցնենք՝ որ երեկվանից արդեն բաց է նաեւ Վրաստանը Հայաստանի հետ կապող մեկ այլ ցամաքային սահման՝ Նինոծմինդա-Բավրա անցակետը։ Սադախլո-Բագրատաշեն անցակետից զատ՝ քաղաքացիները կարող են օգտվել նաեւ Բավրա-Նինոծմինդա անցակետից։ Այս փոփոխությունը միանշանակ հեշտացրել է Ջավախքում ապրողների երթեւեկությունը դեպի Հայաստան։

Սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք ցամաքային երկու անցակետերի դեպքում էլ երկիրը կարող են 10:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում։

Back to top button