ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Ես 100%-անոց երեխա եմ տվել բանակին, երբ իմ երեխու ոտքը առաջվա իր ոտքը լինի, թող գնա շարունակի ծառայությունը». ժամկետային զինծառայողի ծնող

Ժամկետային զինծառայող Էդուարդ Սուլեյմանյանի ծառայության 2-րդ ամիսը լրացավ արցախյան վերջին պատերազմի սկսվելու օրը: Մեկ ամիս ծառայել է Կուբաթլուում, այնուհետև տեղափոխել են Ջաբրայիլ, որտեղ էլ պատերազմի առաջին օրերից մասնակցել է թեժ մարտերին, իսկ հոկտեմբերի 6-ին ծնկի հատվածում ստացել վիրավորում:

Զինծառայողը այս պահին առողջական խնդիրներ ունի, բուժում է ստանում «Կարմիր խաչի» հիվանդանոցում: Էդուարդի մայրը՝ Դոնարա Ավդոյանը, խնդրում/պահանջում է, որպեսզի տղային բուժող բժիշկները իրենց որոշումը վերանայեն: Բանն այն է, որ Էդուարդ Սուլեյմանյանը դեռևս բուժումը լիարժեք չի ստացել, բայց նրան ուզում են տեղափոխել Գորիս իր պարտադիր ժամկետային ծառայությունը շարունակելու:

«Տղաս հոկտեմբերի 6-ին ծնկի հատվածում ստացել է վիրավորում, վիրահատող բժիշկն ինձ ասաց՝ Դոնարա ջան, մենք քո տղային վիրահատենք-չվիրահատենք, նա հոդերի խնդիր արդեն ունի: Այնպես չէ, որ վիրահատությունից հետո էդ խնդիրը չի ունենալու:

Ոսկորը վնասված է, իսկ ոսկորի հետ խաղ չեն անում. մեծ անցք է ոսկորի վրա բացված. դա արել են, որպեսզի ոտքի մեջի բեկորը հանեն: Իրենք էդ ոտքով ուզում են իմ երեխուն սահմանապահ ծառայության տանել:

Ոտքի մեջ դեռ մանր բեկորներ կան, ոտքի մեջ ջուր է հավաքվում։ Բժիշկ Պետրոսյանը, ով ռազմական վիրաբույժ է, ասաց՝ խնդիր կա, բայց դա բուժվող խնդիր է. դա էն խնդիրը չէ, որ ինքը հենակներով լինի, չկարողանա քայլել: Իմ տղան 2 մ է կարող առանց հենակի քայլել, ոտքը ցավում է: Իմ մտահոգությունը իմ տղան է. ես այս վիճակով չեմ ուզում, որ իմ տղային տանեն ծառայության: Իրենք վիրավոր երեխեքին էս վիճակով չպետք է տանեն ծառայությունը շարունակելու։ Ասենք թե իմ տղան էնտեղ է, ու պատերազմը սկսվեց… էն ժամանակ գոնե տասը կմ էր հեռու թուրքը, հիմա 200 մետր։ Եթե մի բան լինի, իմ որդին անգամ չի կարող վազել, որ իրեն փրկի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Էդուարդի մայրը՝ Դոնարա Ավդոյանը:

Զինծառայողի մայրը պատմում է, որ իր որդին թիվ 1 համալսարանական հիվանդանոցում ստացել է ֆիզիոթերապիայի կուրս, այնուհետև ուղեգրել են «Կարմիր խաչի» հիվանդանոց:

«Տասը օր ժամանակ են տվել, որպեսզի իմ տղեն ֆիզիոթերապիայի կուրս անցնի, բայց «Կարմիր խաչի» բժիշկները ասում են, որ տասը օրը շատ քիչ է, և մեկ բուժման կուրսի համար առնվազն 20-23 օր է պետք: Տասը օրվա մեջ չի կարող ստանալ այդ համապատասխան բուժումը, որովհետև ծնկի ոսկորը ահագին մեծ անցք ունի: Ես ասել եմ՝ մինչև իմ երեխայի ոտքը չլավանա, ես իմ երեխուն չեմ ուղարկի ծառայության: Ես 100%-անոց երեխա եմ տվել բանակին, երբ իմ երեխու ոտքը առաջվա իր ոտքը լինի, կարողանան լիարժեք բուժել, թող գնա շարունակի ծառայությունը. մենք հո չե՞նք խուսափում ծառայությունից: Կարողանա 50 մ վազի, ու ոտքը չցավա, կասեմ՝ թող գնա իր ծառայությունը շարունակի»,- ասում է Էդուարդ Սուլեյմանյանի մայրը:

Դոնարա Ավդոյանի խոսքով՝ երկուշաբթի տղային բուժզննման են կանչել, լիահույս է, որ բժիշկները կվերանայեն իրենց որոշումը:

Անահիտ Չալիկյան

Back to top button