«Մեր խնդիրն է հերթական անգամ մեր քունքին դրված ռուս-թուրքական ատրճանակի վախից չստորագրելԿարսի պայմանագրի նման որևէ բան». Մ.Հայրապետյան

Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների, Կարսում անցկացվող զորավարժությունների և հնարավոր վտանգների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:
-Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում հետպատերազմական իրավիճակը՝ անվտանգային ռիսկերի առումով, ինչի՞ սպասել այս փուլում. կա՞ արդյոք նոր պատերազմի վտանգ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Թուրքիան և Ադրբեջանը Կարսում համատեղ զորավարժություններ են իրականացնում:
-Հետզինադադարային այս վիճակը որոշ անվտանգային ռիսկեր, իհարկե, պարունակում է, որից Ալիևը չափազանց վախենում է: Հիշո՞ւմ եք, թե իր վախը քողարկելու համար ինչպես էր մատը թափ տալով սպառնում այն հայերին, ովքեր կփորձեն մտածել ռևանշի մասին: Իսկ Հայաստանի վրա ռուսական տարատեսակ գրոհները, ինչպես միշտ, արվում են թուրքերի ձեռքով: Ի տարբերություն նախորդ թուրք-ադրբեջանական զորավարժության, որի վտանգի մասին Ձեզ հետ հարցազրույցում ահազանգել էի պատերազմից առաջ, այս զորավարժությունն ընդամենը նույն ալիևաբար մատ թափ տալն է, որ հանկարծ հայերը դուրս չգան շոկից ու իրատեսական գործողություններ չփորձեն կատարել, քանի որ հիմա ժամանակն աշխատում է մեր օգտին՝ ի վնաս ռուս-թուրքական միջազգային խուլիգանության:
-Ի՞նչ ուղերձներ են իրենց մեջ պարունակում այդ համատեղ զորավարժությունները, և դրանք որքանո՞վ են վտանգավոր մեր տարածաշրջանի համար: Այստեղ ի՞նչ անելիքներ ունի հայկական կողմը. Ձեր կարծիքով՝ արդյո՞ք մենք կքաղենք դասեր այն սխալներից, որ թույլ տվեցինք արցախյան վերջին պատերազմում:
-Բացի վերը նշածից՝ թուրք-ադրբեջանական այդ զորավարժություններն ունեն ուղերձի ևս մեկ հասցեատեր. դա Արևմուտքն է: Փորձում են ցույց տալ, թե իրենք հաստատակամ են պաշտպանելու իրենց բարբարոսության արդյունքները, քանի որ նախապես Ֆրանսիան, իսկ նախագահի ընտրություններից հետո նաև ԱՄՆ-ն համաձայն չեն, որ ամբողջ տարածաշրջանում լինի անվտանգային սև խոռոչ՝ ռուս-թուրքական սեպարատ բաժանում: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան այն երկրները չեն, որոնց կարող է Արևմուտքը վստահել անվտանգության երաշխավորի դեր. դրանք մայրամուտ գնացող ատավիզմներ են: Ռուսներն ու թուրքերը փորձեցին ինչ-որ «Վեցի պլատֆորմ» առաջ քաշել, որպեսզի ցույց տան, թե ի վիճակի են պրոյեկտներ իրագործել: Հայաստանի համար այս պահին կան մանր վտանգներ՝ պայմանավորված թուրքական սահմանային լկտիություններով, իսկ ուժասպառված ու ամոթահար իշխանությունն անզոր է դրա դեմ՝ պարտվող կողմ լինելու հանգամանքով:
Հայկական կողմի անելիքը շատ պարզ է և տրամաբանական: Քանի որ ռուսական բանակի առաջապահներից մեկը՝ հայկական բանակը, պարտվեց ՆԱՏՕ-ական բանակին, իսկ ռուսական կողմն էլ ճակատագրական պահին չկատարեց իր դաշնակցային պարտականությունները, ուստի Հայաստանի ժողովուրդը լիակատար ու բնական իրավունք ունի վերանայելու դաշնակցի մասին իր 30-ամյա պատկերացումները, ռեալ քայլեր անելու անվտանգային նոր ու առաջադեմ դաշնակից փնտրելու ուղղությամբ: Եվ սեթևեթել պետք չէ. այդ անվտանգային առաջադեմն ու հաղթականը, ինչպես պատերազմը ցույց տվեց, Արևմուտքն է՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան: Դասեր չքաղելու իրավունք պարզապես չունենք, այլապես դանդաղ մարման կդատապարտենք մեր պետականությունը:
— Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը, որ Արցախի խնդրի կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ, որովհետև այդպիսին են տարածաշրջանային իրողությունները, և Մոսկվան ու Անկարան արդյունավետ երկխոսություն են կառուցել, ինչպե՞ս եք մեկնաբանում, սա ինչի՞ մասին է խոսում:
— Սա խոսում է նույն բանի՝ ռուսական և թուրքական վախերի մասին: Ռուսները գիտակցում են, որ Ռուսաստանն Արցախում մեր 5 հազար զոհի ու տասնյակ հազարավոր խեղված ծաղիկ սերնդի արյան միջոցով տարել է ընդամենը պյուռոսյան հաղթանակ՝ 200 տարվա մեջ առաջին անգամ (եթե չհաշվենք 1918թ. սեպտեմբերի կարճատև իրողությունը) իր անկապտելի գոտի համարվող Հարավային Կովկասում ստիպված հանդուրժելով թուրքական ռազմական լեգիտիմ ներկայություն: Մարող Ռուսաստանը ստիպված բավարարվեց 1/5 Արցախում խաղաղապահներ ունենալու միջազգային կասկածելի լեգիտիմությամբ կարգավիճակով: Պարզապես անհարմար է սա չտեսնելը: Ռուսաստանն ու Թուրքիան, օգտվելով ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ու Թրամփի ամոթալի թողտվության պատեհությունից, շտապեցին այդ բաժանումն անել՝ Արևմուտքի դեմն առնելու նպատակով, ինչպես ճիշտ նույնն արել էին 1921թ. Մոսկվայի և Կարսի ավազակային պայմանագրով, որը ոչ հեռու ապագայում կքանդվի: Մեր խնդիրն է հերթական անգամ մեր քունքին դրված ռուս-թուրքական ատրճանակի վախից չստորագրելԿարսի պայմանագրի նման որևէ բան: Ցավոք, այսօր թե՛ իշխանությունը, թե՛ ինքնահռչակ ընդդիմությունը կռիվ են անում հենց դրա՛ համար, որ ստորագրողն իրե՛նք լինեն, դավաճանն իրե՛նք լինեն՝ հուսալով, որ դրանով կստանան Հայաստանում վերակացու դառնալու Մեծ խուրալի յառլիկը: Բայց նրանց գնացքը գնաց արդեն. իզուր են մեկը մյուսի հետևից ճեպով աճապարում Մոսկվա:
-Երկրում բարդ է նաև ներքաղաքական իրավիճակը. 17 քաղաքական ուժեր պահանջում են վարչապետի հրաժարականը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը պարտության սիմվոլն է: Օրերս նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարեց, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և «կրելու է»: Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության ընտրած պայքարի մեթոդները:
-Նախ՝ նեղմտություն կլինի Նիկոլ Փաշինյանին պարտության սիմվոլ համարելը: Պարտության սիմվոլը մեր քաղաքական միտքն է: Ասենք թե Նիկոլ Փաշինյանը պատերազմի 4-րդ օրը լսեր ռազմական ղեկավարությանը և դիմեր ռազմական գործողությունները դադարեցնելու խնդրանքով. մի՞թե 7 շրջանները չէին հանձնվելու: Պարզապես հիմա ոմանք դա են շահարկում, թե գոնե չէին հանձնվի Հադրութն ու Շուշին, մենք զգալիորեն պակաս զոհեր կունենայինք: Նիկոլ Փաշինյանի ոչ սթափ հաշվարկի պատճառով փոխվել է ընդամենը պարտության չափը, սահմանը, սակայն պարտությունը չի՛ փոխվել: Այն լինելու էր, քանի որ պարտվել էինք վաղուց. մեր քաղաքական մտքի դաշտում, մեր հոգևոր անվտանգության դաշտում: Պատերազմական ցանկացած պարտություն արձագանքն ու հետևանքն է Հոգևորի և Բանականի դաշտերում պարտությունների:
Կոտրված ժպիտ միայն կարող է առաջացնել պարոն Քոչարյանի հավակնությունը, քանի որ իր ժամանակներից ի վեր փոխվել են թե՛ աշխարհը, թե՛ Մոսկվայի հնարավորությունները, թե՛ հիշողությունից չզրկված հայ Մարդը: «Կրելու» հարցում նրան հաջողություններ եմ մաղթում: Իսկ քանի որ Ձեր ասած 17-ին գիտականորեն հնարավոր չէ անվանել քաղաքական ընդդիմություն, այլ ընդամենը ռուսահաճ իշխանության մեդալի հակառակ երեսը, անիմաստ է քննարկել նրանց մեթոդները: Նրանց ցանկացած քայլ ի վնաս Հայաստանի է, քանի որ սպասարկում են օտարի հիբրիդային պատերազմն ընդդեմ Հայաստանի՝ հանրության ատոմիզացիա, վախի մթնոլորտ, հոգեբանական անկում, անհուսության զգացողություն: Սակայն չեն հաջողելու, Հայաստանին սպասվում է լուսավոր գալիք. և ո՛չ հեռավոր ապագայում:
Անահիտ Չալիկյան