Նորություններ

«Ներսոյի ձեռքի մեջ հող կար. մենք ասացինք՝ իր ձեռքից չթափեք. իմ եղբայրը էդ հողի համար է կռվել». Արցախյան պատերազմում զոհված հերոսի քրոջ պատմությունը

«Ներսեսի ամեն մի հայացքը, ժպիտը իմ աչքերի առաջ են, ու ես կյանքում դա չեմ մոռանա: Ամեն անգամ, երբ մեր երազներին է գալիս, միշտ սպիտակ շորերով է, ժպիտը դեմքին… ասում է՝ ես չեմ զոհվել, ով է ձեզ այդպիսի բան ասել: Ներսոն երազներով մեզ հույս է տալիս, որ անկախ ամեն ինչից մեր կողքին է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված Ներսես Ներսիսյանի քույրը՝ Թինա Ներսիսյանը:

Հերոսի քույրն ասում է, որ եղբայրը բանակ գնալու նախորդ օրը ձեռքին դաջվածք է արել՝ «Չեմպիոնները չեն մահանում, նրանք գնում են երկինքը նվաճելու» (Чемпионы не умирают, они уходят покорять небеса) գրությամբ: Տանեցիները զարմացել են, որովհետև Ներսոն դաջվածքների հանդեպ սեր չի ունեցել: Ասել է՝ դուք չեք հասկանա դրա իմաստը:

Ներսես Արթուրի Ներսիսյանը ծնվել է Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում, կարատե մարզաձեւի վարպետ է, 100-ից ավելի մենամարտ էր անցկացրել՝ առանց պարտության։

Ժամկետային զինծառայող էր, ծառայում էր Արցախում, հունվարին պիտի զորացրվեր:

Ներսես Ներսիսյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին ավիառումբի հարվածից:

«Ներսոն ընդհանրապես լուրջ էր, բայց առաջին արձակուրդին որ եկավ, կարծես ուրիշ մարդ լիներ: Առաջ շատ էր հումորներ անում, բայց էդ ժամանակ զգում էինք, որ շատ էր լրջացել: Անգամ աչքերն էին ուրիշ, տխրություն կար աչքերի մեջ: Աչքերին նայում էի ու անընդհատ ուզում էի հարցնել՝ ի՞նչ է եղել, ինչ-որ բանից նեղվա՞ծ ես: Ծառայությունից երբեք չէր դժգոհում… մաման հարցնում էր՝ Ներս, իսկ հացը նորմա՞լ է, հո սոված չե՞ք մնում, որովհետև նա ամեն բան չէր ուտում: Ասում էր՝ ամեն ինչ լավ է: Ներսոն ոչնչից չէր բողոքում կամ չէր ասում, որ նեղված է: Մեզ միշտ լավ պահերն ու հումորային պահերն է պատմել:

Ներսոն բարի էր, հասկացող ու սկզբունքային»,- պատմում է Ներսեսի քույրը:

Ժամկետային զինծառայողը ընտանիքի անդամների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 22-ին:

«Պատերազմի ընթացքում, որ հետը խոսում էինք, ասում էր, որ վտանգավոր է, երկար չեմ կարող խոսել, բայց ձայնի մեջ որևէ անհանգստություն չկար: Ասում էինք՝ քեզ հագուստ, ուտելիք ենք ուղարկել… ասում էր՝ հասել է, կերել են, նկարվել են, եւ երբ պատերազմն ավարտվի, կուղարկեն այդ նկարները: Երբ զանգում էինք, չէր պատասխանում, իր բոլոր ընկերներին զանգում էինք, որպեսզի կապի դուրս գայինք:

Տղաներից մեկը հեռախոսը տարել էր, ասել՝ Ներս, մամայիդ զանգի… զանգեց ջղայնացած, ասաց՝ հո ես երեխա չեմ. տղերքը հեռախոսը բերում են ասում՝ Ներս, մամադ է զանգել: Ասաց՝ եթե մի անգամ էլ եք էդպես արել կամ լացել, էլ չեմ զանգելու:

Էդ օրը Ներսոյին տեղափոխել էին Մարտունի 2, ու մենք մի քանի օր հետը չենք խոսել:

Դեպքը եղել է հոկտեմբերի 25-ին, իսկ մենք իմացել ենք հոկտեմբերի 26-ին՝ հենց իր ծննդյան օրը:

Երբ ծնողներս գնացել էին Գորիս՝ եղբորս մարմինը տեսնելու, տեսել էին, որ Ներսոյի ձեռքի մեջ հող կա… նա էդ հողը Արցախից էր իր հետ բերել, և մենք ասացինք, որ այդ հողը իր ձեռքից չթափեք. իմ եղբայրը էդ հողի համար էր կռվել: Ճիշտ է, այդ տարածքները հիմա մերը չեն, բայց իրենք հաղթել են, իրենք չեն պարտվել:

Սեպտեմբերի 27-ից առ այսօր ամեն ինչ սառել է, անգամ եկեղեցու զանգերը իրենց ձայնով չեն: Ես ու իմ ընտանիքը օրը մի քանի անգամ մոմ էինք վառում ու աղոթում. մեր տան բոլոր սենյակներում աղոթք էր ու բոլորի տանն էր այդպես: Պատերազմի օրերին իրար տեսնելիս չէինք էլ հասցնում իրար բարևել, հազիվ զինվորներից էինք հարցնում կամ իրար հույս էինք տալիս՝ կզանգեն, ոչինչ… լավ կլինի:

Մենք բոլորս սպասելու ենք տարվա 5-րդ եղանակին, որ մեր զինվորները ներս են մտնելու և իրենց հետ երջանկություն են բերելու: Հերոսներին միշտ պետք է ժպիտով հիշել»:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close