Նորություններ

Երեւանը պաշտոնապես չի արձագանքել Անկարային, սակայն ենթադրվում է, որ արձագանքելու պահը համակարգվում է ՌԴ-ի հետ

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը, թե` «ղարաբաղյան տագնապի լուծումը անխուսափելիորեն պիտի հանգեցնի Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրավիճակի», ուշագրավ է տարբեր առումներով:

Սա ուրիշ բան չէ, եթե ոչ տարածաշրջանի ապաշրջափակման գործողությունների նախանշումը: Թուրքիայի թե՛ արտգործնախարարի եւ թե՛ այժմ նախագահի մակարդակներով խոսվում է տարածաշրջանը ապաշրջափակելու գործողությունների մասին: Վեցյակի հարթակը, որը հիմնականում առաջադրում է Թուրքիան, ըստ էության, միտում է նույն ծրագրի մաս կազմող անվտանգության միավոր ստեղծելու:

Վեցյակը ձեւաչափվում է իբրեւ 3+3: Այս ձեւաչափում կա հստակորեն քաղաքական տրամաբանություն: Եթե առաջին երեքը հարավկովկասյան պետություններ են`Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, ապա մյուս երեքը` ՌԴ-ն, Թուրքիան եւ Իրանը: Եթե Թուրքիան առաջադրում է վեցյակը, ապա Բաքվի համաձայնությունը արդեն լռելյայն առնվել է: Անկարան է, որը պաշտոնական հայտարարությամբ Երեւանին հրավիրել է մասնակցելու նոր հարթակին: Երեւանը պաշտոնապես չի արձագանքել, սակայն ենթադրվում է, որ արձագանքելու պահը համակարգվում է ՌԴ-ի հետ: Աշխարհաքաղաքական ներկա պահի ստեղծած պայմաններին իրազեկվելով՝ վեցյակի ձեւաչափի շուրջ արդեն իսկ համաձայնություն է գոյացել երեք գլխավոր խաղացողների միջեւ: Այսպիսով, Թեհրանը եւս ներառվել է տարածաշրջանային կարեւորագույն այս գործընթացներում` այն առումով, որ ապաշրջափակման գործողությունները կարեւոր մասով վերաբերում են նաեւ Իրանին եւ արձանագրվում են իրանամերձ սահմանների վրա:

Թբիլիսին ընդհանրապես լուռ է, բացի Չավուշօղլուի հրապարակմանն անմիջապես արձագանքված հակաառաջարկից` ձեւավորել հարավկովկասյան համագործակցության հարթակ. այսինքն` եռյակ: Ի վերջո, նոր ապաշրջափակումները, ըստ էության, հակակշռում են վրացական ճանապարհային, ենթակառուցվածքային եւ տնտեսական առանձնաշնորհումները: Ավելի նվազ չափերով` նաեւ իրանյանը:

Հետաքրքրական է, որ պաշտոնապես այս փուլում չեն բարձրաձայնվում թուրքական նախապայմանները` Երեւանի հետ բնականոն հարաբերություններ ձեռնարկելու: Ապաշրջափակումը առաջին հերթին ենթադրում է փակված սահմանների բացում, որը  պայմանականացվել էր Անկարայի կողմից: Երեք նախապայմաններից Անկարա-Բաքու ռազմավարական գործընկերությունը իրականացրել է առաջին կետը: Դեռեւս մնում են Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարումն ու Թուրքիայի հետ այսօրվա սահմանների պաշտոնական եւ հատուկ ճանաչման նախապայմանները: Այս երկուսի մասին պաշտոնապես չի բարձրաձայնվում: Ասվում է, սակայն, որ Երեւանից քայլի են սպասում։ Այլ առիթով` պաշտոնական Անկարայի կողմից ասվում է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ ձեռնարկելու, եթե հայկական կողմը հարգի հրադադարի համաձայնությունը:

Սա չի նշանակում, իհարկե, որ Անկարան հրաժարվել է իր նախապայմանային քաղաքականությունից: Վեցյակ կամ որեւէ վերպետական միավոր ենթադրում է իր անդամների միջեւ հարթել առկախ խնդիրները, պատմական վեճերը…

Եթե վեցյակը տարածաշրջանային մակարդակի վրա գլխավոր խաղացողների շահերի համընկնումով ուրվագծվող ձեւաչափ է, ապա աշխարհաքաղաքական այլ կենտրոնում սկսել են վերստին իրարից հեռանալ աշխարհաքաղաքական ուժերի շահերը: Իդլիբում թուրքական հսկողության կետերը հարձակման են ենթարկվում: Առընթեր` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարում է, որ սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը: Դեռեւս ռազմաքաղաքական առեւտուրներ կան, որոնք պետք է կայանան աշխարհագրական տարբեր միջավայրերի կենտրոններում ազդեցության գոտիների ձեւավորման գործընթացի հայեցակետերից դիտված: Լիբիայից Միջին Արեւելք եւ Արեւելյան Միջերկրականից Հարավային Կովկաս փաթեթային գործարքների համակողմանի մոտեցումներ են շարունակում դրսեւորվել:

Այս շրջածիրում պետք է ընկալել նաեւ ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի հայտարարությունը, թե Արցախի կարգավիճակի հարցի քննարկումը կանխահաս է, եւ մանավանդ հիշեցումը, թե նույնիսկ Հայաստանը չի ճանաչել նրա անկախությունը: Եթե կարգավիճակի քննարկումը խաղաթղթային գործոնի կարգավիճակ  է նախանշում Մոսկվայի կողմից, ապա Հայաստանի կողմից Արցախը չճանաչելու պատճառը առաջին հերթին ընկալած պիտի լիներ միջնորդ պետության բարձրաստիճան պաշտոնատարը: Բանակցող կողմի ճանաչումը համազոր է բանակցային ձեւաչափից դուրս գալուն:

Թվում է, որ կարգավիճակի հարցի բարձրացման կշռույթներին ականատես պիտի լինենք ամեն անգամ, երբ աշխարհաքաղաքական այլ թեժ կետերում բախվեն ռուսական եւ թուրքական շահերը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Back to top button
Close