Նորություններ

Ադրբեջանում պահվող 4 հայ գերիներ հնարավորություն են ունեցել կապվել հարազատների հետ. forrights.am

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված 4 հայի: Այս մասին Forrights-ին հայտնել է կարմիր խաչի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Փետրվարի1-ին և 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են 4 հայ անձանց՝ և՛ քաղաքացիական, և՛ զինվորական, որոնք պահվում են Ադրբեջանում վերջին էսկալացիայի հետևանքով», — ասաց Ամատունին՝ հավելելով՝ կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացել են գերիների պահման պայմաններին, տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին։

«Այդ անձանց հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասաց Ամատունին:

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 228 գերեվարված անձանց վերաբերյալ հարցում:

Հիշեցնենք, որ նախօրեին Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող, պատգամավոր Զելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ տարվա պատերազմն ահավոր մարդկային ողբերգություն էր: Մենք ողջունում ենք այն փաստը, որ իրավիճակը կայունացել է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, և որ, բացի ողբալի, բայց մեկուսացված միջադեպերից, հրադադարը պահպանվել է: Սակայն անհրաժեշտ է ավելին՝ շատ անհրաժեշտ հաշտեցման հասնելու համար:

Լեռնային  Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման և տարածաշրջանի շուրջ ապագա իրավական կարգավիճակի հստակեցումը մնում է նույնքան անհրաժեշտ, որքան երբևէ: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում հստակ վերահաստատել և պատրաստակամություն հայտնել՝ կրկին ներգրավվելու Մինսկի խմբի համանախագահների ղեկավարած գործընթացին՝ հիմնված հիմնական սկզբունքների վրա, արտացոլելով Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի վրա»,-ասված էր հաղորդագրության մեջ:

Back to top button
Close