Նորություններ

Ֆեյսբուքյան գրառման համար իրավապահների թիրախում հայտնված բարերարը Շուշիի վերաբնակեցման ծրագրի հեղինակն է

Դավաճաններին «ահաբեկելու» և «վերացնելու» վերաբերյալ ֆեյսբուքյան գրառման համար Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող կանադահայ Հրաչ Ջաբրայանը «Ապագե» հիմնադրամի գործադիր տնօրենն է, Շուշիի վերաբնակեցման ծրագրի հեղինակը։ NEWS.am–ի տեղեկություններով՝ Ջաբրայանը, նախքան իր գրառման առնչությամբ քրեական գործի հարուցումը, վերադարձել է Կանադա։ Իսկ մինչ այդ, Ջաբրայանն ակտիվորեն մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ցույցերին և անգամ իրավապահների կողմից բերման է ենթարկվել։

Նշենք, որ կանադահայ գործարարը վերջին տարիների ընթացքում խոշոր  ներդրումներ  է կատարել Արցախում, մասնավորապես Շուշիում, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մասնավորապես Ջաբրայանը Շուշիում իրականացնում էր բնակարանաշինական մեծ ծրագիր, որով նախատեսվում էր առաջին հինգ տարում անվճար բնակարաններ հատկացնել Շուշի տեղափոխվող մեր հայրենակիցներին, այդպիսով նպատակ ունենալով առաջիկա տարիներին վերաբնակեցնել հայկական քաղաքը և բազմապատկել Շուշիի բնակչության թվաքանակը։ Բնակարանաշինական ծրագրի իրականացման շնորհիվ, նախքան պատերազմը, հարյուրավոր արցախցիներ ապահովվել էին աշխատատեղերով։ Սակայն պատերազմի հետևանքով Ջաբրայանը ոչ միայն կորցրել է իր ունեցվածքը, այլև զոհվել են իր ընկերներն ու ծրագրի աշխատակիցներից շատերը։

«Մենք հավատացել ենք, որ Արցախը կկարողանանք պահել, եթե այնտեղ ստեղծենք աշխատատեղեր, ինչը կնպաստի դեպի Արցախ ներգաղթին։ Ես չեմ ցավում իմ ունեցվածքի կորստի համար, ես ցավում եմ մեր հայրենիքի ու ժողովրդի կորստի համար»,–մեկ ամիս առաջ Հինգերորդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել էր Ջաբրայանը։

Back to top button
Close