Նորություններ

«Թուրքիան և Ադրբեջանն ավելի լկտի են դարձել. մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև նրանք կարող են ամեն րոպե դիմել ագրեսիվ գործողությունների»

«Այս զորավարժությունները վտանգավոր են այն առումով, որ ունեն շատ բացահայտ արտահայտված հարձակողական բնույթ. այսինքն՝ մասնակցում են այնպիսի ստորաբաժանումներ, որոնք օգտագործվում են հարձակողական, ագրեսիվ պատերազմների ժամանակ: Այս զորավարժությունները ցույց են տալիս Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները, նրանց ծրագրերը Հայաստանի և մեր տարածաշրջանի նկատմամբ հարձակողական են»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով փետրվարի 1-12-ը Կարսում անցկացվող զորավարժություններին:

Թուրքագետի կարծիքով՝ այս զորավարժությունները կոնկրետ ուղղված են Ռուսաստանի դեմ, որովհետև մեր տարածաշրջանում Թուրքիայի հակառակորդը Ռուսաստանն է:

«Իհարկե նաև ուղղված են Հայաստանի դեմ և որոշ չափով նաև Իրանին են ցույց տալիս, որ թուրք-ադրբեջանական տանդեմը տարածաշրջանում դառնում է կարևոր գործոն, և դրանով Իրանին դուրս են մղում: Այսպիսով երեք ուղղվածություն ունեն այս զորավարժությունները»։

Ռուբեն Սաֆրաստյան

Ըստ Սաֆրաստյանի՝ այս զորավարժություններն ուղեկցվում են քարոզչական մեքենայի գործունեությամբ:

«Այս զորավարժությունները նպատակ ունեն Հայաստանում վախի մթնոլորտ ստեղծել և վախի մթնոլորտ տարածելով՝ փորձում են լրացուցիչ ճնշում գործադրել Հայաստանի վրա, այսինքն՝ երկակի նպատակ ունեն այս զորավարժությունները՝ ռազմական և հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի վրա»,- նշեց Սաֆրաստյանը:

Վերջինս այս փուլում պատերազմի վտանգ չի տեսնում.

«Զորավարժությունները այնքան լայնածավալ չեն, որ վերաճեն պատերազմի, բայց ընդհանուր առմամբ մաս են կազմում նկրտումների արտահայտմանը, որ մենք տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, և դա վերջիվերջո հանգեցնելու է նոր պատերազմի: Եթե ընդհանուր ենք նայում, այո, պատերազմի վտանգը կա, բայց կոնկրետ այս զորավարժություններից ես վտանգ չեմ տեսնում»:

Թուրքագետի կարծիքով՝ արցախյան պատերազմից հետո թուրք-ադրբեջանական տանդեմի հռետորաբանությունը փոխվել է.

«Թուրքիան և Ադրբեջանը ավելի լկտի են դարձել, ավելի ագրեսիվ:

Եվ այստեղ մեր անելիքները պետք է լինեն հետևյալի շուրջ՝ բանակի մարտունակության վերականգնում, մենք պետք է նաև ռազմական առումով հզորանանք ու վերազինվենք: Մեր հարաբերությունները մեր ռազմաքաղաքական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ է՛լ ավելի խորացնենք: Մեր պետությունը և հասարակությունը պետք է ավելի զարգանա: Ես մեծապես կարևորում եմ Հայաստանում ազգային գաղափարախոսության ավելի լայն տարածումը: Պետք է պետականության հիմքը լինի ազգային գաղափարախոսությունը, որպեսզի մենք հզոր լինենք:

Մենք պետք է ուշիուշով հետևենք ոչ միայն այս զորավարժություններին, այլ նաև բոլոր այն գործողություններին, որոնք իրականացնում են Թուրքիան և Ադրբեջանը:

Մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև նրանք կարող են ամեն րոպե դիմել ագրեսիվ գործողությունների: Այն սխալները, որ թույլ ենք տվել արցախյան վերջին պատերազմի ընթացքում, պետք է խուսափենք դրանցից, պետք է լավ նախապատրաստվենք. տեղեկություն ունենանք այն զինատեսակների մասին, որոնք նրանք կարող են կիրառել:

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հատուկ հայտարարվում են, որ այս զորավարժություններում օգտագործվելու են նոր զինատեսակներ, և մեր հետախուզությունը պետք է պարզի՝ այդ ինչ նոր զինատեսակներ են օգտագործում:

Մենք պետք է դասեր քաղենք մեր սխալներից, որ թույլ տվեցինք արցախյան վերջին պատերազմի ընթացքում»,- եզրափակում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button