Նորություններ

«Պարտվել ենք սրանից 3 տարի առաջ, երբ սկսեցինք ատել ինքներս մեզ». «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչները Գյումրիում էին

Այսօր Գյումրիում կայացել է «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը Շիրակի մարզի մտավորականության և մշակութային գործիչների հետ։

Հետպատերազմական ծանր իրավիճակից դուրս գալու գաղափարի շուրջ էին հավաքվել մշակութային գործիչներն ու մտավորականները: Նախաձեռնության ներկայացուցիչները առաջնային են համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Նախաձեռնության շուրջ հավաքվել են մտավորականներ, որոնք մտահոգ են այսօր երկրում տիրող իրավիճակի նկատմամբ: Նրանք չեն կարող լռել և անպայման պետք է իրենց ձայնը բարձրացնեն ու տեղեկացնեն հանրությանը, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում և ինչպես կարելի է դուրս գալ այս իրավիճակից»,-  նշեց մշակութային գործիչ Սամվել Հարոյանը:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պարտվել է և ձախողել բոլոր ոլորտներում, այսպես է կարծում նախաձեռնությանը միացած ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Վերջին տարիներին ոչ լիարժեք, ոչ արդյունավետ կառավարման արդյունքում կանխարգելման իրավիճակից մեր երկիրը հասցրեցինք արձագանքման ու հետևանքների վերացման իրավիճակի:

Ամեն ինչ արվեց, որ պատերազմ լինի, պատերազմի ժամանակ էլ ամեն ինչ արվեց, որ լիարժեք կառավարում չլինի: Պատերազմի ընթացքում գերագույն հրամանատարի գործը պետք է լիներ գործադիր, օրենսդիր մարմինների հմուտ կառավարմամբ մոբիլիզացնել բոլոր ջանքերը, բանակի համալրումը շարունակական դարձնել։

Այնինչ, բանակի նախնական համալրման խնդիրները մինչև 44-րդ օրը 97 տոկոսով էր դեռ իրականացվել՝ չհաշված կորուստները, մնացած բոլոր խնդիրները:

283 կմ պաշտպանության հատվածից միայն 20 կմ է հակառակորդին հաջողվել մխրճում իրականացնել և այդ մխրճման հատվածում էլ զարգացրել են իրենց հարձակողական գործողությունները։

Դեռ ավելին, այդ նահանջի ամբողջ ճանապարհին, Արցախի հարավային հատվածում, բոլոր ղեկավարները խրախուսվել են, ստացել բարձր կոչումներ, նաև ՀՀ ազգային հերոսի կոչումներ։

Ի՞նչ ենք մենք հարցնում այսօրվա իշխանության ղեկավարից. եթե ամբողջ պատերազմի ընթացքում համապատասխան միջոցներ ձեռնարկելու, պատերազմը կանգնեցնելու կամ շարունակելու դեպքում համապատասխան վերախմբավորումներ իրականացնելու, ճեղքման հատվածը փակելու, բանակն անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու, սխալների դեպքում տույժերի ենթարկելու, խիստ պատժելու փոխարեն խրախուսում է իրականացվել, երկու ենթադրության ենք գալիս՝ կամ իրավիճակին ամբողջությամբ չես տիրապետել, կամ կատարել ես հատուկ՝ տիրապետելով իրավիճակին, որպեսզի ունենանք այս ամբողջ նահանջը, այս իրավիճակը»,- հայտարարեց նա:

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, վերլուծելով իրավիճակը, նշեց. «Ամեն անգամ Արցախ այցելելիս մարտադաշտում կորցրած իմ ընկերներին ասում էի՝ ափսոս, տղերք, չտեսաք հաղթանակը։ 30 օր առաջ եղա Արցախում, մի բան էի միայն ասում՝ երանի, տղերք, որ չտեսաք իմ պարտությունը, նաև ձեր պարտությունը:

Պետությունը պետք է կառավարեն մարդիկ, ովքեր կարող են. սա օֆիս չէ, սեփական բիզնես չէ, սա պետություն է, սերունդներին տալու բան պետք է ունենանք: Ինչպե՞ս ստացվեց, որ դրսից կարողացան մեր հոգին բացել ու թքել մեր հոգու մեջ։ Մենք սկսեցինք ատել մեր զինվորականներին, ժողովրդին, ինքներս մեզ։ Ինչպե՞ս կարողացան մի ամբողջ ժողովրդի ստել ու հայրենադավություն սերմանել մեր մեջ։ Ասում ենք՝ չենք պարտվել։ Պարտվել ենք, ժողովուրդ, պարտվել ենք սրանից 3 տարի առաջ, երբ սկսեցինք ատել ինքներս մեզ»:

Ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանն ասում է. «Վաղվա օրը չգիտենք։ Սյունիքում, Կապանում մեր հայրենակիցներն ամեն առավոտ արթնանում են թուրքի կրակի տակ, ամեն օր տեսնում են թուրքի դրոշը։ Հիմա Երևանն ամենասև ու մութ կետն է, քանի որ ամենաբացասական լիցքերը կենտրոնացած են այնտեղ… Երբ մենք սկսում էինք պառակտվել, ոչ ոք ոչինչ չարեց։ Հիմա ժամանակն է միասնության ու սիրո, համերաշխության կամուրջ դառնալու»:

Մտավորականները քննարկում էին հարցեր՝ ինչ անել և ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Նրանք գտնում են, որ պարտված իշխանությունը պետք է հեռանա:

Հիշեցնենք, որ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության առաջին հավաքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, երկրորդը՝ հունվարի 12-ին, երրորդ ընդլայնվածը՝ հունվարի 25-ին: Հունվարի 26-ին նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպել են Լոռվա մտավորականների հետ:

Անահիտ Չալիկյան

Back to top button