Նորություններ

Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին դպրոց մտավ ոստիկանների ուղեկցությամբ. ուսուցիչները լքեցին դպրոցը

Նշենք, որ այսօր առավոտից դպրոցում սկսվել է գործադուլ-դասադուլ՝ ընդդեմ Քարմելա Առաքելյանի նշանակման, որին միացել են բոլոր ուսուցիչները և աշակերտները։ Նրանք այսօր ծնողների հետ միասին առավոտյան հավաքվել են դպրոցի շենքում՝ իրենց բողոքը հայտնելով ԿԳՄՍ նախարարության որոշման դեմ։

Ուսուցիչներից Հայկ Փայտյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ  կեսօրին նորանշանակ տնօրենը եկել է դպրոց, սակայն հավաքվածները թույլ չեն տվել, որ նա ներս մտնի։ Քիչ առաջ դպրոց են եկել Աբովյանի ոստիկանապետն ու մարզային վարչության պետը, որոնք հավաքվածներին նախազգուշացրել են, որ եթե դպրոցի տնօրենին ներս չթողնեն, ոստիկանները ուժ կկիրառեն։

«Դպրոցը ոնց որ գաղութ լինի։ Անընդհատ ոստիկանական նոր խմբեր են գալիս»,– ուղիղ եթերում ասաց Հայկ Փայտյանը։ Նրա խոսքով՝ իրենք առայժմ չեն հեռանա դպրոցի բակից, չի բացառվում, որ նստացույց սկսեն։

Ոստիկանների ուղեկցությամբ դպրոց մտնող նորանշանակ տնօրենին տեսնելով՝ հավաքվածների շրջանում դժգոհության ալիք բարձրացավ, նրանք «անինքնասեր» էին անվանում տնօրենին, ապա ի նշան դժգոհության բոլորը դուրս եկան դպրոցից։

Նշենք, որ ուսուցչական ամբողջ կազմը հայտարարել է, որ պատրաստ է ազատման դիմումներ ներկայացնել, եթե նախարարությունն իրենց կարծիքը հաշվի չառնի և դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանի չվերանշանակի։

Դպրոցի ուսուցիչներից Արտակ Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Քարմելա Առաքելյանը, առանց դպրոցի խնդիրներին ծանոթ լինելու, տնօրենի  ընտրությանը ներկայացրել  է ծրագիր, որում գրված  է, որ դպրոցի ուսուցիչները տեղեկատվական հաղորդակցային  տեխնոլոգիաներին չեն տիրապետում։

 

Back to top button
Close