Նորություններ

«Քոչարյանը վարպետորեն խաղարկում է այն խաղաքարտը, որ ինքը ՌԴ-ից լուրջ աջակցություն ունի, Պուտինը իր ընկերն է. ցանկացած քաղաքական ուժ փորձում է ցույց տալ, որ վայելում է Կրեմլի աջակցությունը»

«Փողոցի միջոցով հնարավոր չի լինելու իշխանափոխություն իրականացնել, և այդ փողոցային պայքարը լինելու է ուղղակի նախընտրական քարոզչության մաս: Թեև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ո՛չ ժամկետներն են հայտնի և ո՛չ էլ հայտնի է՝ դրանք կլինեն, թե ոչ, բայց փաստացի ընդդիմադիր քաղաքական ուժերը նախընտրական պայքարի մեջ են, և ընդդիմադիր դաշտում գնում է լիդերության համար պայքար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Քաղաքագետը, անդրադառնալով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և «կրելու է», հայտարարեց.

«Ռոբերտ Քոչարյանը ընդդիմության լիդեր դառնալու պայքարում հայտ է ներկայացրել, և կարծում եմ, որ նրա շուրջ բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական ուժեր կհամախմբվեն:

Արմեն Բաղդասարյան

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ցանկացած գործիչ պիտի հայտարարի, որ «կրելու» է, այսինքն՝ դրանով իր թիմին, իր աջակիցներին պիտի ոգևորի, որպեսզի ընդլայնի իր ազդեցությունը: Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը լուրջ ձայներ հավաքի:

Ես այդտեղ տեսնում եմ «Կրեմլից աջակցությունը» խաղարկելու փորձեր, քանի որ Հայաստանի կախվածությունը, այդ թվում նաև քաղաքական կախվածությունը Ռուսաստանից ակնհայտորեն մեծացել է, ուստի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ցանկացած քաղաքական ուժ փորձում է ցույց տալ, որ ինքը վայելում է Կրեմլի աջակցությունը: Նրանք այդպիսով հույս ունեն, որ ավելի մեծ ընտրազանգված կունենան:

Քոչարյանը վարպետորեն խաղարկում է այդ խաղաքարտը, որ ինքը Ռուսաստանից լուրջ աջակցություն ունի, Պուտինը իր ընկերն է»,- նշեց քաղաքագետը:

Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ մեզ պետք է ոչ թե քաղաքական ուժեր փնտրել, այլ պետք է գտնել ճանապարհ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար:

«Պիտի ունենանք հստակ ծրագիր և հետո փորձենք հասկանալ, թե որ քաղաքական ուժը լավագույնս կիրականացնի այդ ծրագիրը:

Եթե մենք հակառակ ուղղությամբ գնանք և տեսնենք, թե ինչ ուժեր կան, ապա դա մեզ լավ տեղ չի տանելու, որովհետև ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը ավելի պոպուլիստական են և ամբոխահաճո ելույթներ են ունենում, որոնք հեռու են իրականությունից:

Խնդիրը ոչ թե քաղաքական ուժ գտնելն է, այլ խնդիրը ելքեր փնտրելն է՝ կոնկրետ ծրագրերով: Մենք պետք է հասկանանք՝ ինչ ռեսուրսներով ենք գնում և նպատակը որն է, և միայն դա հստակեցնելուց հետո հասարակությունը պետք է ընտրի այն քաղաքական ուժին, որը լավագույնս կիրականացնի այդ ծրագիրը»,- շեշտեց Բաղդասարյանը:

Քաղաքագետը ընդդիմադիր 17 կուսակցությունների ժամանակավոր «լռությունը» բացատրում է հետևյալ կերպ.

«Այս փուլում նրանց պայքարի այդ ձևը ձախողվեց, և հիմա նրանք, կարծում եմ, փորձում են վերլուծել ձախողման պատճառները և համապատասխան եզրակացություններ կանեն: Խնդիրը, կարծում եմ, այդ մարդիկ են, այդ մարդկանց անցած ճանապարհն է, վարկանիշն է, որը շատ ցածր է հասարակության շրջանում: Ակնհայտ է գործող իշխանությունից դժգոհող հասարակությունը, եւ ակնհայտ է նաեւ, որ 17 կուսակցությունների լիդերների հետ հույսեր չի կապում:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս պահին քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման երևացող միակ ելքն է:

Ես վստահ չեմ, որ դրանք կկայանան, որովհետև հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես հայտարարեց այդպիսի հնարավորության մասին՝ կրքերը հանդարտեցնելու և ժամանակ շահելու համար: Շատ հնարավոր է, որ նա որոշ ժամանակ անց ուղղակի հայտարարի, որ ես ասացի, բայց անպայման չէ, որ լինեն ընտրություններ:

Ես կարծում եմ, որ եթե քաղաքական ուժերի ճնշումը թուլանա, արտահերթ ընտրություններ չեն էլ լինի, և իշխանությունները կկարողանան քայլ առ քայլ ամրապնդել իրենց խիստ թուլացած դիրքերը»:

Բաղդասարյանը շեշտում է, որ հիմա բոլորովին այլ վիճակ է, այսինքն՝ և՛ սահմաններն են այլ, և՛ մեր ռազմական կարողությունները, և՛ տնտեսական իրավիճակը և այլն:

«Սահմանները բացելու դեպքում հնարավոր է արտագաղթի նոր ալիք, մենք բանակը վերականգնելու խնդիր ունենք և այլն, և այլն: Սոցիալական ցնցումները չեն կարող չունենալ քաղաքական հետևանքներ:

Կարծում եմ, որ հանրային դժգոհությունն աստիճանաբար մեծանալու է, և գտնվելու են քաղաքական ուժեր, որոնք փորձելու են օգտագործել հանրային դժգոհության այդ ալիքը»,- եզրափակեց Արմեն Բաղդասարյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button