Նորություններ

«Ռուսաստանը այդքան թույլ չէ, որ Թուրքիան առիթից օգտվի և հարձակվի. միայն Ռուսաստանի թուլության դեպքում Թուրքիան կգնա այդ արկածախնդրությանը». թուրքագետ

Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ է անցկացնում Կարսում, որին մասնակցում են ադրբեջանցի զինվորականներ:

Ըստ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի՝ պաշտոնապես այս զորավարժությունների նպատակը Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի փոխգործակցությունն է և նաև Թուրքիայի ռազմարդյունաբերության մեջ վերջին շրջանում ավարտուն վիճակի բերված զինտեխնիկայի փորձարկումները:

Անդրանիկ Իսպիրյան

«Գաղտնիք չէ, որ զորավարժությունները տեղի են ունենում որպես մկանների ցուցադրություն՝ ուղղված ինչ-որ երկրի:

Այս զորավարժությունների մեջ մեսիջը ուղղված է Հայաստանին, միջնորդավորված ձևով նաև Ռուսաստանին (քանի որ ՌԴ-ն Հայաստանի անվտանգության երաշխավորն է) և ուղերձ է նաև Իրանին (Կարսը ինչքան էլ սահմանակից է Հայաստանին, մի քիչ ավելի հարավում՝ Իգդիրի հատվածում, սահմանակից է Իրանին), և այդ փաստը անտարբեր չի թողել Իրանին և Իրանը նույնպես Թուրքիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ շատ ակտիվ զորավարժություններ է իրականացնում. դրանով փորձում է հակազդել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Թուրքագետը շեշտում է, որ զորավարժությունների անցկացման վայրը պատահական չէ.

«Տեղը շատ վաղուց է ընտրված… Թուրքիան նախկինում սահմանակից է եղել ԽՍՀՄ-ին, հետագայում արդեն՝ Հայաստանին: Այսինքն՝ այստեղ պատահականություն չկա: Բացի այդ՝ այս զորավարժությունները այլ նշանակություն ունեն. Թուրքիայի ռազմական ուժերը փորձում են ուսումնական վարժանքներ իրականացնել ձմռան պայմաններում, որպեսզի հասկանան իրենց թերությունները և շտկեն դրանք»:

Անդրանիկ Իսպիրյանը հիշեցնում է, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացման հայտարարության մեջ քաղաքական կոնտեքստ կար, որը Հայաստանին է վերաբերում, և որին հայկական կողմը չի արձագանքել.

«Պաշտոնական մամուլի հաղորդագրություն են տարածում հետևյալ տողերով՝ բարի գալուստ ենք ասում Արցախում Հայաստանի դեմ փայլուն հաղթանակ տարած մեր ադրբեջանցի եղբայրներին: Սա քաղաքական և վիրավորական կոնտեքստ է հարևան երկրի նկատմամբ»:

Թուրքագետը, անդրադառնալով այն կարծիքներին, որ այս զորավարժությունները հող են նախապատրաստում պատերազմի համար, նշեց.

«Հուլիսին տեղի ունեցած զորավարժություններից շատ չանցած Արցախում տեղի ունեցավ հարձակում հայկական զինված ուժերի դեմ: Դա լրիվ տարբերվում է ներկա իրավիճակից, քանի որ այդ ռազմական գործողությունները սանձազերծեցին Արցախի դեմ, որի պաշտպանությունը Ռուսաստանը չէր ստանձնել:

Այս դեպքում՝ Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելը արդեն այլ ոլորտից է, և եթե Թուրքիան նման բան անի, ապա այդ հարձակումը Ռուսաստանի դեմ է լինելու: Այս պահին Ռուսաստանը այդքան թույլ չէ, որ Թուրքիան այդ առիթից օգտվի և հարձակվի: Միայն Ռուսաստանի լուրջ խնդիրների և թուլության դեպքում Թուրքիան կգնա այդ արկածախնդրությանը:

Ռուսաստանը Հարավային Կովկասում պահպանում է իր ազդեցությունը»,- եզրափակեց Անդրանիկ Իսպիրյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button