ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ն Ուկրաինային խոստացել է ակտիվ ռազմական օգնություն

ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային տրամադրել ակտիվ տնտեսական և ռազմական օգնություն, տեղեկացնում է Deutsche Welle-ն: Նման հայտարարություն է արել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Զրույցից հատվածներ է ներկայացրել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Պետքարտուղարը շեշտել է Ուկրաինային ակտիվ երկկուսակցական աջակցությունը՝ ընդգծելով առաջնահերթությունը, որը ԱՄՆ-ն տալիս է Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան նկրտումներին»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՄՆ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ կարևոր է Ուկրաինայի կողմից առաջընթացի պահպանումը կոռուպցիայի դեմ պայքարում, օրենքի գերակայության և տնտեսական բարեփոխումների իրականացումը, որոնք ուղղված են ուկրաինական ինստիտուտների ամրապնդմանը:

«Պետքարտուղարը և արտգործնախարար Կուլեբան նաև քննարկել են Ուկրաինայի շարունակական ջանքերը COVID-19- ի դեմ պայքարում և դիվանագիտական ​​կարգավորման հասնելու հարցում` կապված Ուկրաինայի արևելքում և Ղրիմում Ռուսաստանի ագրեսիայի հետ»,-նշել է Փրայսը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր էր ստորագրել Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ու ընկերությունների դեմ նոր պատժամիջոցների մասին: Պետության ղեկավարն այդպիսով գործի է դրել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2020թ. դեկտեմբերի որոշումը:

Back to top button
Close