Ուռուցքաբանը հայտնել է տղամարդկանց եւ կանանց մոտ քաղցկեղի ամենատարածված տեսակները

Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային ուռուցքաբան Անդրեյ Կարպինը նշել է տղամարդկանց եւ կանանց շրջանում օնկոլոգիական հիվանդությունների ամենատարածված տեսակները: Այս մասին նա հայտնել է «Խոսում է Մոսկվան» ռադիոյի եթերում։
Բժշկի խոսքով՝ տղամարդկանց մոտ ամենից հաճախ ախտորոշվում է շնչափողի և բրոնխների քաղցկեղ։ Վիճակագրության համաձայն՝ երկրորդ տեղում է շագանակագեղձի քաղցկեղը, իսկ երրորդում՝ մաշկի քաղցկեղը։ Բացի այդ, Կապրինն ավելացնում է, որ հաճախ տղամարդկանց մոտ ուռուցքներ են զարգանում ստամոքսում եւ օղակաձեւ աղիքում։
Միեւնույն ժամանակ, կանանց մոտ ուռուցքներից ամենատարածված տեսակն է կրծքագեղձի քաղցկեղը։ Բժիշկը շեշտում է, որ երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղերում են մաշկի քաղցկեղը, արգանդի եւ օղակաձեւ աղիքի ուռուցքը համապատասխանաբար:
Բուժաշխատողը նշում է, որ օնկոլոգիական հիվանդության դեպքերի միայն 15-20 տոկոսն է գենետիկ հակվածության հետեւանք: Նրա խոսքով՝ մյուս դեպքերում չարորակ նորագոյացությունների առաջացման վրա ազդում է հիվանդների կենսակերպը։
Կապրինը խորհուրդ է տվել ունկնդիրներին պարբերաբար անցնել բժշկական հետազոտություններ, ինչպես նաեւ նվազեցնել ռիսկի գործոնները, որոնք ազդում են ուռուցքների զարգացման վրա, մասնավորապես, բացառել ծխելը եւ ալկոհոլի չարաշահումը: Բացի այդ, նա խորհուրդ է տվել հետևել քաշին և սննդակարգից հանել կարմիր միսը։