Նորություններ

«Հայտնվել ենք որևէ քայլի անընդունակ խեղճի կարգավիճակում». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր էջում գրել է․ «Արցախյան առաջին և երրորդ պատերազմների արդյունքում ունեցած ռազմագերիների շուրջ հայկական և ադրբեջանական իշխանությունների կողմից դրսևորված և դրսևորվող մոտեցումների տարբերությունը կայանում է նրանում, որ առաջին դեպքում՝ լինելով հաղթող, թելադրողը մենք էինք, իսկ երկրորդ դեպքում, քանի որ պարտված ենք, հայտնվել ենք որևէ քայլի անընդունակ խեղճի կարգավիճակում… Իհարկե, գերադասելի է լինել ո՛չ առաջինի և ո՛չ էլ երկրորդի կարգավիճակում, այլ բոլոր նրանց (այդ թվում նաև հակառակորդ կողմի) տրամադրությունների կրողը, ովքեր հակառակ ճամբարում ունենալով գերեվարված և տունդարձի սպասող հարազատներ, աշխատում են անել այն, ինչը հնարավոր կդարձներ վերջիններիս վերադարձը հայրենի օջախներ…

Հ. Գ. — Դեռևս 1991-1994թթ. Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ունեցած ռազմագերիներին վերադարձնելու համար, մարտական գործողություններին զուգահեռ կողմերն ստեղծել էին «Ռազմագերիների հարցերով զբաղվող պետական կոմիտե», որի կատարած աշխատանքի արդյունքում, մենք ունեցանք այն, ինչը, ավաղ, չունենք այսօր: 44-օրյա պատերազմի դադարեցման շուրջ ստորագրված խայտառակ հայտարարությունից անցել է ավելի քան երկուսուկես ամիս, սակայն ունենալով Արցախյան առաջին պատերազմի համեմատ ավելի շատ ռազմագերիներ, տակավին, կարծես թե, չունենք նման պետական կառույց: Հետաքրքիր է, ինչո՞ւ…»:

Back to top button
Close