Նորություններ

Ողբերգական ավտովթար «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց. պատճառը սառած ճանապարհն է. կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ հունվարի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:30-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի կամարի դիմաց, ճանապարհը մերկասառույցից չմշակելու հետևանքով ճակատ-ճակատի բախվել են Toyota Camry և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանի և 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասանատու հերթապահ Կարեն Հովակիմանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանը, սակայն քանի որ բժիշկները արձանագրել է մահը, փաստի առթիվ քննություն է վարում Ա. Փարսադանյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջովին սառած է և վթարից միայն 20 րոպե անց աղ ցանող բրիգադը ժամանեց ու սկսեցին ճանապարհը աղ ու ավազով մշակել, իսկ վարորդներն էլ՝ տեսնելով այդ ամենը, ասում էին. «Էշ մի սատկի, գարուն կգա, լրիվ տեղավորվում է էս քաղաքապետարանի չինովնիկների կերպարի մեջ: Եթե մի քիչ ինքնասիրություն ունենային, գոնե «Եռաբլուրի» դիմացի ճանապարհը կմշակեին աղ ու ավազով, չէ՞ որ այս օրերին «Եռաբլուրում» հերոս տղաների շիրիմներին այցելությունները չեն դադարում»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close