ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Սեդրակն ասում էր՝ 2 տարի էլ կծառայեմ Հադրութում, կտեղափոխվեմ Սանկտ Պետերբուրգ ուսումս շարունակելու. ուզում էր գեներալ դառնալ»

30-ամյա Սեդրակ Նորիկի Վարդանյանը 35 օր շարունակ համառ մարտեր է մղել թշնամու դեմ. փրկելով հարյուրավոր զինվորների կյանքը՝ ընկել է հերոսի մահով հոկտեմբերի 31-ին:

Փոխգնդապետ Սեդրակ Վարդանյանը ծնվել է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում: Ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը՝ 2011թ. անցել է սպայական ծառայության՝ Հադրութում:

Արցախյան պատերազմում զոհված սպան մասնակցել է նաև 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին: Պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայության», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «Գարեգին Նժդեհ» մեդալներով:

«Սեդրակը մինչև պատերազմը եղել է շտաբի պետ երրորդ գումարտակում, սեպտեմբերի 9-ից եղել է գնդի հրամանատար: Իր տարիքում մի քիչ դժվար էր այդպիսի պատասխանատու պաշտոն զբաղեցնելը: Իր համար աշխատանքը աշխատանք էր, ընտանիքը՝ ընտանիք: Զորամասում ինքը խիստ հրամանատար էր, բայց ընտանիքում հոգատար ամուսին էր և լավ հայր:

Զորամասում իրեն շատ էին հարգում, սիրում էր իր զինվորներին. երբ պետք էր, ընկեր էր, երբ պետք էր, ջղայնանում էր: Յուրաքանչյուրի հետ իր մոտեցումն ուներ. ամեն մեկի հետ ապրում էր»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է 30-ամյա փոխգնդապետի կինը՝ Մարի Եղիազարյանը:

Մարին պատմում է, որ Սեդրակը որոշել էր բժիշկ դառնալ, բայց վերջին պահին մտափոխվել է, ընտրել զինվորականի մասնագիտությունը:

«Ամուսինս ասում էր՝ 2 տարի էլ կծառայեմ Հադրութում, կտեղափոխվեմ Սանկտ Պետերբուրգ ուսումս շարունակելու. ուզում էր գեներալ դառնալ, ինքը նույն տեղում մնալ չէր սիրում, անընդհատ ձգտում էր առաջ գնալու:

Մենք իրար հետ Հադրութում ենք ծանոթացել, ինքը որ զոհվեց, մեր աղջիկը 4 ամսական էր:

Դժվար էր սպայի կին լինելը, որովհետև ամսվա մեջ 14 օր միշտ դիրքերում է եղել, բայց որ իր նման մարդ էր իմ կողքին, էդքան էլ չէի զգում այդ դժվարությունը:

Ես փոքր տարիքից էլ երազում էի, որ ամուսինս պիտի զինվորական համազգեստ հագնի, սպա լինի… ես իմ ամուսնուն միշտ այդպես եմ պատկերացրել, ես սիրում էի զինվորականի մասնագիտությունը»,- շարունակում է հերոսի կինը:

Մարի Եղիազարյանը պատմում է, որ ամուսնու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 30-ին:

«Առավոտ զանգեց, հարցրեց՝ ո՞նց եք… ասաց՝ կզանգեմ, ու էլ չզանգեց:

Զոհվել է հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը, ԱԹՍ-ի հարվածից ստացել էր մահացու վիրավորում:

Ես կգերադասեի, որ Սեդրակը հերոս չլիներ ու լիներ իմ, մեր աղջկա կողքին:

Հիմա ինձ միայն աղջիկս՝ Մանեն է ստիպում ապրել ու առաջ նայել…»,- եզրափակում է Սեդրակ Վարդանյանի կինը՝ Մարի Եղիազարյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button