ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Հադրութից մի քանի օրով տուն էր եկել, այնպիսի պատմություններ էր պատմում, որ տպավորություն էր՝ դրանց մեջ մի ամբողջ կյանք է ամփոփված»

«Եղբայրս կամավորական էր, ինքը կամավոր էր մեկնել ռազմաճակատ: Տասը օր կռվել է Հադրութում, հոկտեմբերի 25-ին եկավ տուն, ամսի 30-ին նորից գնաց: Շուշիի Քարինտակ գյուղում մասնակցել է թեժ մարտերին: Գարիկը մինչև պատերազմը ՌԴ էր մեկնում արտագնա աշխատանքի, էստեղ էլ էր աշխատում: Ինքն առօրյա կյանքում էլ էր դուխով, ոչնչից չէր վախենում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված կամավորական Գարիկ Նիկողոսյանի եղբայրը՝ Լավուազե Նիկողոսյանը:

Գարիկ Գագիկի Նիկողոսյանը 27 տարեկան էր, ծնվել է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք գյուղում: Մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին, կռվել Հադրութում, ընկել շրջափակման մեջ, կարողացել են դուրս գալ շրջափակումից: Լոռեցի կամավորականը զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիի Քարինտակ գյուղում թշնամու ԱԹՍ-ի հարվածից:

«Բնավորությամբ հարմարվող էր, գործի բարդությունից, առհասարակ դժվարություններից երբեք չէր վախենում: Շփվող էր, ընկերներին և ընտանիքին նվիրված էր: Ամենքի հետ տարբեր մոտեցում ուներ… երեխայի հետ երեխա էր, մեծի հետ՝ մեծ:

Բոլորի հետ շփվում էր, բոլորի հետ կարողանում էր լեզու գտնել, ինքն ընկալում էր մարդուն այնպես, ինչպես ինքը կա: Սիրում էր մարդկանց ու հասկանում էր բոլորին:

Շատ նպատակներ ուներ եղբայրս. ասում էր՝ մի տարի գնամ Ռուսաստան աշխատեմ, գամ ընտանիք կազմեմ… Ուզում էր ամուսնանալ, բայց ուներ հավանած աղջիկ, թե ոչ, չգիտեմ, չի ասել էդ մասին»,- պատմում է Գարիկի եղբայրը:

Կամավորականի եղբայրը ասում է, որ Գարիկի հետ երբ խոսել են, երբևէ ձայնի մեջ տագնապ կամ անհանգստություն չեն զգացել: Ասել է՝ ամեն ինչ լավ է, դուք մի անհանգստացեք:

«Վերջին անգամ նոյեմբերի 7-ին ենք հետը խոսել, հանգիստ խոսում էր, չէր պատմում՝ ինչ է կատարվում: Ասում էր՝ չմտածեք, հետ ենք գալու: Դեպքից մի ժամ առաջ մորս և հորս հետ խոսեց, ասել էր՝ լավ մնացեք: Ու զանգից մեկ ժամ հետո ընկերները զանգեցին և ասացին, որ Գարիկը զոհվել է: Ինքը միշտ դուխով խոսում էր, մեզ հույս էր տալիս:

Պատերազմի ընթացքում, երբ Գարիկի հետ խոսում էինք, ոչինչ չէր պատմում, բայց որ Հադրութից մի քանի օրով տուն էր եկել, այնպիսի պատմություններ էր պատմում, որ տպավորություն էր՝ դրանց մեջ մի ամբողջ կյանք է ամփոփված:

Եղբայրս կռիվ գնալուց ուրախ-զվարթ գնաց, ինքը հպարտ էր, որ գնում է հայրենիքի սահմանները պաշտպանելու: Կյանքին թեթև էր նայում… իր հետ տխուր լինել հնարավոր չէր»,- եզրափակում է Լավուազե Նիկողոսյանը:

Արցախյան պատերազմում զոհված կամավորականի եղբայրն ասում է՝ պատերազմը փոխեց իրենց կյանքն ու պատկերացումները, բայց պիտի ապրեն, կյանքը պիտի շարունակվի:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close