ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Տեսա՜, պապան ինքնաթիռով վերևում է». Գյումրին աշխարհի կենտրոնը համարող մեր հերոսի որդին սպասում է հորը

 

34-ամյա Վալերի Դանելինը ծնվել ու մեծացել է Հայաստանում: Հայրական կողմն ազգությամբ ռուս է, բայց ինքն իսկական հայ էր, սիրում էր հայրենիքը, հայրենի հողն ու երկինքը:

«Որդիս առաջին դասարանում գրել էր, որ ուզում է օդաչու դառնալ: Բարձրանում էր տանիքներին ու հեռադիտակով հետևում ռազմական ինքնաթիռներին: Որդիս հասավ իր նպատակին. ընդունվեց Խանփերյանցի անվան ռազմավիացիոն համալսարանը, ավարտեց գերազանցության դիպլոմով:

Ինքը շատ էր սիրում իր մասնագիտությունը, և մենք թեկուզ դեմ էլ լինեինք, դա պատճառ չէր, որ նա հետ կանգներ իր որոշումից: Սիրում էր իր աշխատանքը, նվիրված էր գործին… իմ տղեն սիրում էր երկինքը:

Բնավորությամբ հանգիստ և խաղաղ, կենսուրախ մարդ էր»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Վալերի Դանելինի մայրը՝ Ռիտա Վարդանյանը:

Արցախյան պատերազմում զոհված հերոս օդաչուի կինը՝ Գոհարը, պատմում է.

«Վալերիին ասում էի՝ մարտին ես ծնվել, դրա համար ես խելառ, ասում էր՝ բոլոր հանճարներն են խելառ… ասում էր՝ մարտի 14-ին ես ու Ալբերտ Էյնշտեյնն ենք ծնվել, այսինքն՝ ամենախելացի մարդիկ (ժպտում է)»:

Գոհարն ասում է՝ ամուսինը շատ նվիրված էր թե՛ իր աշխատանքին, թե՛ հայրենիքին:

«Պատերազմը երբ սկսվեց, ինքն արձակուրդում էր, տագնապ էր, և իրեն զանգեցին, կանչեցին: Թռիչքից կես ժամ առաջ հետը խոսել եմ, ես էդ օրը անհանգիստ էի… ասաց՝ ամեն ինչ լավ է, հերիք մտնես ֆեյսբուք կարդաս, ոչինչ չկա: Էդ ժամանակ արդեն մարտական առաջադրանքը կար, ինքը դրան էր պատրաստվում:

Վալերին առհասարակ միշտ լավատես էր, հենց սահմանին իրավիճակը այն չէր լինում, ասում էր՝ բան էլ չկա, մերոնք հզոր են»,- պատմում է հերոսի կինը:

Գոհար Դանելինան ասում է՝ Վալերին ազգությամբ ռուս էր, հայրական կողմը ռուս է, բայց նա ամենալավ հայից էլ լավ հայ էր.

«Սիրում էր կյանքը, ինքն ապրող տեսակ էր: Գյումրին շատ էր սիրում: Գյումրին իր համար աշխարհի կենտրոնն էր: Տարված էր ավիացիայով, թռիչքներով:

Ընդհանրապես զինվորականներն ամեն տեղ են զինվորական, և էդ աշխատանքի ստվերն իր ազդեցությունը թողնում է նաև կյանքի վրա, և զինվորականի բնավորությունը ձևավորվում է իր աշխատանքով: Չնայած որ խստապահանջ էր, բայց դրան զուգահեռ հանգիստ էր, իր հետ դժվար էր կռվել, որովհետև հանդարտ էր ու համբերատար»:

Վալերի Դանելինի կինը պատմում է, որ ամուսնու հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 29-ին.

«Հանգիստ էր ձայնը, ու ես մտածում էի, որ ավիացիան ոչ էլ պետք է գալու պատերազմի ժամանակ, ուղղակի ապահովության համար յուրաքանչյուրը իր տեղում է:

Զոհվել է սեպտեմբերի 29-ին. գնացել է, որպեսզի առաջադրանքը կատարի, հետ գալու ճանապարհին խոցվել է թուրքական F-16 ինքնաթիռի կրակից:

Մենք չգիտենք ինչ առաջադրանք էր, բայց ասում են՝ փրկեց 100-150 հոգու կյանք… բայց իրենը չփրկեց:

Վալերին բարի էր, մարդկանց բոլորին լավ էր վերաբերվում, ասում էր՝ մարդ են էլի:

Ամենաշատը ինքնաթիռ էր սիրում, թռիչքային ժամերն էին իր համար կարևոր, ամենակարևորն իր առողջությունն էր, որ հանկարծ թռիչքից չզրկվի:

Ավիացիան, գիտեմ, ուրիշ է, հիվանդության նման է, իրենք ապրում են դրանով, և եթե շատ չսիրես ավիացիան, հնարավոր չէ դրանով զբաղվել, վտանգն աչքի առաջ ունենալով, այդ մեծ սերն է հաղթահարում վախը»,-նշում է արցախյան պատերազմում զոհված օդաչուի այրին:

Գոհարն ասում է՝ նախքան պատերազմը մեր կյանքը գունեղ էր, իսկ հիմա դատարկություն է, չկա մխիթարող ոչինչ:

Վալերի Դանելինն ունի 2 զավակ, աղջիկն 8 տարեկան է, տղան՝ 3: Գոհարն ասում է՝ աղջիկս բնավորությամբ, արտաքնապես նման է հորը:

3 տարեկան Միքայելը փոքր է, շատ բան դեռևս չի հասկանում. գիտի, որ հայրը աշխատանքի է և պիտի գա:

«Մեկ-մեկ ամպերին է նայում, տեսա՜, պապան ինքնաթիռով վերևում է… Ինքը առհասարակ հենց ինքնաթիռի ձայն էր լսում, նայում էր, հիմա գիտի, որ պապան ուղղակի վերևում է:

Աղջիկս չի արտահայտվում, բայց էլ չի սպասում. գիտի, որ չի գա: Փոքր են երեխեքս, չգիտեմ ինչն է ճիշտ՝ լռե՞լը, թե՞ ինչ հասկացան-հասկացան, փոքր են, ճիշտ չեն ընկալի, թող կենդանի էլ հիշեն իրենց հորը»:

 Անահիտ Չալիկյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to top button
Close