Նորություններ

Արմավիրի բանտի առաջատար մասնագետը «Նիվա»-ով գլորվել է եւ հայտնվել բետոնե պարսպի մոտ. նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ Խաչատուր Զաքարյանը Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 1-կմ հատվածում, դեպի Աշտարակ ընթանալիս, իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 120 մետր շրջվելով, հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս շինության բետոնե պարսպի մոտ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջին օգնության են հասել օպերատիվորեն ժամանած Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հանձնարարականով նշանակվել է սթափության փորձաքննություն, սակայն վարորդ Խ․Զաքարյանը հրաժարվում է թե՛ ճանապարհային ոստիկանի, թե՛ բժշկի կողմից հանձնել սթափության փորձաքննություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Խ․Զաքարյանն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ որպես ԱԱԲ-ի առաջատար մասնագետ, կոչումով էլ արդարադատության ավագ լեյտենանտ է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close