ՄիջազգայինՆորություններ

Կոռուպցիայի ընկալման 2020թ.-ի համաթիվ. դրական դինամիկայի առումով առաջատարներն են Վրաստանը՝ 56 միավոր, Հայաստանը՝ 49 և Բելառուսը՝ 47

Կոռուպցիայի ընկալման 2020թ.-ի համաթվով Ռուսաստանը 129-րդ տեղում է՝ 180 հնարավորից: Այս մասին վկայում են հունվարի 28-ին Transparency International (TI) միջազգային կազմակերպության կողմից հրապարակված տվյալները:

Ռուսաստանի Դաշնությունը հավաքել է 30 միավոր (100-ից) և 2019-ի համեմատ ցուցակում բարձրացել 2 հորիզոնականով: Ռուսաստանն իր տեղը կիսում է Ադրբեջանի, Գաբոնի, Մալավիի և Մալիի հետ: 30 միավորանոց ցուցանիշը ենթադրում է կոռուպցիայի ընկալման շատ բարձր մակարդակ:

Վարկանիշում Ռուսաստանի «վերելքը» կապված է այլ երկրների համաթվի ցուցանիշների փոփոխությունների, ինչպես նաև ցուցակում մի շարք պետությունների ներառման կամ բացառման հետ:

Ընդհանուր առմամբ, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում դրական դինամիկայի առումով առաջատարներն են Վրաստանը (56 միավոր), Հայաստանը (49) և Բելառուսը (47), իսկ Ուզբեկստանը (26), Տաջիկստանը (25) և Թուրքմենստանը (19) հետնապահների թվում են:

Վերլուծելով 2020 թվականը՝  կազմակերպության փորձագետներն ուսումնասիրել են կոռուպցիայի և կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի միջոցառումների միջև փոխկապակցվածությունը: «Պարզվել է, որ կապ կա կոռուպցիայի մակարդակի և պետության կողմից համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամին արձագանքելու եղանակի միջև», -DW-ին ասել է կազմակերպության ժամանակավոր գործադիր տնօրեն Դանիել Էրիքսոնը:

«Համաճարակը, ցավոք, հարմար ժամանակ է կոռուպցիայի հակված կառավարությունների համար», — նշում են զեկույցի հեղինակները:

Այսպիսով, ավտորիտար իշխանությունների համար կորոնավիրուսի տարածման համատեքստում բնորոշ է բժշկական սարքավորումների, ինչպես նաև դիմակների և պատվաստանյութերի ոչ թափանցիկ բաշխումը: «Սա գրավիչ է դարձնում բնակչության հաշվին գումարների յուրացման գործընթացը», — հայտնել է Էրիքսոնը՝ ընդգծելով՝ «մեկ բան կարելի է կոնկրետ ասել՝ կոռուպցիան սպանում է»:

2020 թվականի համաթվով ամենաքիչ կոռումպացված երկրներն են Դանիան և Նոր Զելանդիան, որոնց հաջորդում են Ֆինլանդիան, Սինգապուրը, Շվեդիան և Շվեյցարիան: Գերմանիան 80 միավորով 9-րդ տեղում է: Ցուցակի վերջին հորիզոնականում են Սոմալին և Հարավային Սուդանը (179-րդ տեղ և 12-ական միավոր):

Back to top button
Close