Նորություններ

Հայ գերիներին ազատ արձակելու պահանջով Մոսկվայում խաղաղ ակցիան շարունակվում է

Հայ գերիներին ազատ արձակելու պահանջով արդեն 12-րդ օրն է խաղաղ ակցիա է անցկացվում Մոսկվայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիաներն անցկացվում են Ռուսաստանում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանատների ու ՌԴ Արտաքին գործերի նախարարության շենքի  առջև: Ակցիայի մասնակիցները հունվարի 15-ից կանգնում են այս կառույցների մոտ՝ պահելով «Ազատ արձակել Արցախյան  պատերազմի գերիներին» պաստառները՝ նպատակ ունենալով բարձրացնել խնդիրն ու դրա մասին ներկայացնել հանրությանը: Նախաձեռնությունը ՌԴ-ում բնակվող հայերինն է՝ քաղաքական գիտությունների թեկնածու Գրիգոր Քեթցյանի գլխավորությամբ, ով  նաև ակցիայի շրջանակում հունվարի 25-ից հայտարարել է անժամկետ հացադուլ՝ դիմելով ՌԴ նախագահին:

Համավարակի կանոնները պահելով՝ զանգվածային ակցիաների փոխարեն, անցկացվում են անհատական ակցիաներ: «Անհատական ակցիա անցկացնելն այսօր միակ օրինական ձևն է, քանի որ այսօր Ռուսաստանում համավարակի պատճառով ցանկացած մասսայական միջոցառում ու ակցիա օրենքով արգելված է և այդ պատճառով հերթափոխով՝ անհատական, անցկացնում ենք ակցիաներն այդ կառույցների առջև պահանջելով ի կատար ածել եռակողմ պայմանագրի 8-րդ կետը: Այս պահին մենք լավ հասկանում ենք, որ խնդրի հանգուցալուծումը կարող է գտնել միայն ռուսական կողմը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ակցիայի մասնակից Դավիթ Տոնոյանը՝ շեշտելով՝ միակ պահանջը գերիների վերադարձն  է, քաղաքական այլ ենթատեքստ ու պահանջներ իրենց ակցիաները չեն պարունակում:]

Back to top button
Close