Նորություններ

«Իրանն արդեն ընդունելով տեղի ունեցած իրադարձությունները որպես փաստ՝ փորձում է ստեղծված իրավիճակից իր օգուտը քաղել». քաղաքագետ

«Տարածաշրջանում նոր վերադասավորումներ են տեղի ունեցել, նոր դիրքավորումներ: Այժմ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը իրենց դիրքերը զգալիորեն ուժեղացրել են, ստեղծվել է նոր միջավայր, և բոլոր իրադարձությունները տեղի են ունենում հենց Իրանի սահմանին: Բացի դրանից՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո արդեն իսկ որոշակի քայլեր են ձեռնարկվում կոմունիկացիաների ապաշրջափակման, նոր երկաթուղու կառուցման ուղղությամբ, և Իրանը չի ուզում անմասն մնալ այդ գործողություններից և պիտի փորձի իր շահերը առաջ տանել»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆի տարածաշրջանային այցերի նպատակին:

Քաղաքագետը, անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես արցախյան հակամարտության վերաբերյալ, հայտարարեց.

«Ընդհանուր առմամբ Իրանի դիրքորոշումը՝ կապված է արցախյան հակամարտության հարցի հետ, մնում է նույնը, այսինքն՝ խնդիրը չպետք է լուծվի ռազմական ճանապարհով, այլ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»:

Զարիֆը Բաքվում շնորհավորել է Ալիևին «ձեռք բերած հաղթանակի» կապակցությամբ՝ ասելով, որ «ուրախ է ադրբեջանական տարածքների ազատագրմամբ»: Ինչո՞ւ է Իրանի ԱԳ նախարարը հաճոյախոսում Ալիևին, և ինչպիսի՞ն պետք է լինի հայկական կողմի համարժեք պատասխանը:

Արմեն Վարդանյան

Հարցադրմանն ի պատասխան՝ Արմեն Վարդանյանը նշեց. «Իրանն արդեն ընդունելով տեղի ունեցած իրադարձությունները որպես փաստ՝ փորձում է ստեղծված իրավիճակից իր օգուտը քաղել: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը Զարիֆի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Իրանն էլ կարող է մասնակցել «ազատագրված տարածքների» կառուցմանն ու վերակառուցմանը: Այստեղ իրանական ընկերությունները կարող են տնտեսական շահեր ստանալ, և երևի թե հենց դրանով էր պայմանավորված Ադրբեջանին հաճոյանալը:

Բացի դրանից՝ երկու երկրները համատեղ տնտեսական պրոյեկտներ են իրագործում, ընդհանուր շահեր ունեն, և երկու երկրների հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են:

Ես կարծում եմ, որ մեր ԱԳ նախարարությունը փակ դռների հետևում հանդիպման ժամանակ պետք է բարձրաձայնի Իրանի ԱԳ նախարարի այդ հայտարարությունների անընդունելիությունը, բայց դա պետք է անի ոչ հրապարակային, որովհետև առանց այն էլ մեր երկու հարևան երկրների հետ ունենք թշնամական հարաբերություններ և Իրանի հետ պետք չէ հարաբերությունները վատացնել»,- ընդգծեց քաղաքագետը:

Քաղաքագետի կարծիքով՝ Թեհրանի՝ մեր տարածաշրջանի տնտեսական խնդիրներին վերաբերող շեշտադրումները Հայաստանի համար նոր հորիզոններ կարող են բացել, մատնանշում է այն, որ հայկական շուկայում թուրքական ապրանքներին կփոխարինեն իրանական ապրանքները:

«Բացի այդ՝ խոսք է գնում նոր երկաթուղու կառուցման մասին, որ Իրանի սահմանակից քաղաքներով է անցնելու: Եթե կոմունիկացիաները ապաշրջափակվեն, ապա հնարավորություն կա, որ հայկական ապրանքները Նախիջևանի տարածքով, այսինքն գործող երկաթուղու միջոցով Երասխից Նախիջևանով հասնեն Իրան և հակառակ ուղղությամբ:

Իրանի համար շատ կարևոր է, որ տարածաշրջանում թուլանա ԱՄՆ-ի դիրքերը, և այդ տեսանկյունից նախաձեռնություն է ցուցաբերել, տարածաշրջանում վեցակողմ ֆորմատ ստեղծել և անել ամեն ինչ, որպեսզի Արևմուտքի դիրքերը չուժեղանան»,- եզրափակեց Արմեն Վարդանյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close