ՄիջազգայինՆորություններ

Ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները խեղաթյուրել են Արցախի դեմ պատերազմում վարձկանների մասին Հայկո Մաասի խոսքերը

Ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները, հավատարիմ մնալով փաստերը խեղաթյուրելու իրենց քաղաքականությանը, այս անգամ սխալ են ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի խոսքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Sputnik Azerbaijan-ը գրել է, թե անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից վարձկաններ օգտագործելու մասին հարցին, Մաասը նշել է, որ դրա վերաբերյալ փաստեր չեն գտնվել:

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարի ամբողջական ելույթի սղագրությունից պարզ է դառնում, որ նման արտահայտություն Մաասը չի հնչեցրել, փոխարենը նշել է, որ այդ հարցն իրենց հայտնի է, և դա միակ հակամարտությունը չէ, որում ներգրավված են սիրիացի վարձկաններ:

«Լեռնային Ղարաբաղում սիրիացի վարձկանների հարցին մենք ծանոթ ենք, սակայն, կարծում եմ, որ պետք է հասկանանք, որ դա միակ հակամարտությունը չէ տվյալ պահին, որտեղ ներգրավված են սիրիացի վարձկաններ: Մենք նման իրավիճակ ունենք նաև Լիբիայում: Այն տեղեկություններով, որոնք մենք ունենք (Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ), ենթադրում ենք, որ հակամարտության գոտում որոշ քանակությամբ դեռ մնում են սիրիացի վարձկաններ և միջազգային մակարդակով ներդրվել են բոլոր ջանքերը՝ հասկանալու համար, թե ինչպես ենք նրանք օգտագործվել, նրանց քանակությունը և ովքեր են կրում պատասխանատվություն իրենց ներկայության համար, սակայն այս հարցով մենք վերջնական տեղեկատվություն չունենք»,- նշել է Մաասը:

Արտգործնախարարը հայտնել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, Գերմանիան պատրաստ է իր ջանքերը ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

Back to top button
Close