ՄիջազգայինՆորություններ

Բայդենը առաջին հեռախոսազրույցն է ունեցել Պուտինի հետ․ «Ամերիկայի ձայն»

Նախագահ Ջո Բայդընը երեքշաբթի օրը իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի մասին հայտնում են Սպիտակ տունը և Կրեմլը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ-ի պաշտոնական աղբյուրները նշում են, որ Բայդընը մտահոգություն է հայտնել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության կապակցությամբ: Բացի այդ, Բայդընը Ռուսաստանի նախագահի վրա ճնշում է գործադրել իր երկրի նկատմամբ կիբերհարձակումներ իրականացնելու և Աֆղանստանում ամերիկյան զինվորականներին թիրախավորելու պատճառով:

Երկու նախագահները պայմանավորվել են, որ կողմերը շտապ աշխատանքներ կսկսեն New Start-ի ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սպառազինությունների վերահսկման վերջին պայմանագրի երկարաձգման շուրջ՝ նախատեսելով ավարտել բանակցությունները նախքան հաջորդ ամիս պայմանագրի ժամկետի լրանալը:

«Մոտակա օրերին կողմերը կավարտեն անհրաժեշտ ընթացակարգերը, որոնք կապահովեն պայմանագրի հետագա գործունեությունը», — հայտարարել է Կրեմլը:

Ի տարբերություն իր նախորդի, Բայդընը, սակայն, մեծ հույսեր չի փայփայում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցում, բայց փոխարենը ազդարարում է, որ ցանկանում է կառավարելի դարձնել տարաձայնությունները Սառը պատերազմի նախկին հակառակորդի հետ` առանց դրանք կարգավորելու կամ կապերը բարելավելու: Նա չի փնտրում ուղիղ առճակատում ՌԴ-ի հետ՝ հաշվի առնելով ներքին ծանր օրակարգը և Իրանի ու Չինաստանի հետ կապված հարցերը:

Մոսկվան անցյալ շաբաթ դիմել էր հեռախոսազրույցի խնդրանքով, ասում է անանուն պաշտոնական աղբյուրը: Բայդընը համաձայնվել է, բայց ցանկանում էր նախ պատրաստվել իր թիմի հետ և խոսել եվրոպացի դաշնակիցների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ:

Երեքշաբթի օրը Բայդընը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի հետ: Բայդընը ձգտում է վերականգնել հարաբերությունները Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների միջև: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլթենբերգի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որը նույնպես տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան, Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի փոխադարձ պաշտպանության պայմանագրին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին դաշինքի վստահ ղեկավարման համար և հայտարարել, որ մտադիր է խորհրդակցել և աշխատել դաշնակիցների հետ ընդհանուր անվտանգության ողջ օրակարգի շուրջ, ներառյալ Աֆղանստանի, Իրաքի և Ռուսաստանի հետ կապված հարցերը, ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Պուտինի հետ հեռախոսազրույցում Բայդընը իր մտահոգություններն է հայտնել SolarWinds ծրագրային ապահովման վրա լայնածավալ կիբերհարձակումների մասին, որոնց թիկունքում է Ռուսաստանը, ինչպես նաև այն հանգամանքի, որ ռուսները պարգևատրում են առաջարկել թալիբներին՝ Աֆղանստանում ամերիկյան զինվորականներին սպանելու համար:

Կրեմլի հաղորդագրությունը չի անդրադարձել երկրների միջև ամենավիճահարույց հարցերին, չնայած նշված է, որ ղեկավարները քննարկել են նաև «երկկողմ և միջազգային օրակարգի սուր հարցեր»: Այն որակել է զրույցը «անկեղծ և գործնական», որը հաճախ կիրառվում է լարված քննարկումները դիվանագիտորեն նկարագրելու համար: Այստեղ նաև ասվում է, որ Պուտինը շնորհավորել է Բայդենին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և «նշել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի կապերի կարգավորումը կծառայի երկու երկրների շահերին»:

Քննարկված հարցերի թվում էին կորոնավիրուսի համաճարակը, Իրանի միջուկային համաձայնագիրը, Ուկրաինան և առևտրի ու տնտեսության հետ կապված հարցեր:

Հեռախոսազրույցը տեղ ունեցավ, երբ Պուտինը առերեսվում է հանգստյան օրերին ավելի քան 100 քաղաքներում Նավալնիի կողմնակիցների ցույցերի հետևանքներին: Բայդընի թիմն արդեն խիստ արձագանքել է բողոքի ցույցերի բռնաճնշմանը, որի ընթացքում ավելի քան 3700 մարդ է ձերբակալվել ամբողջ Ռուսաստանում, այդ թվում `ավելի քան 1400-ը՝ Մոսկվայում: Առաջիկա հանգստյան օրերին նախատեսվում են ավելի շատ բողոքի ակցիաներ:

Պուտինի ամենահայտնի քննադատ Նավալնին ձերբակալվել է հունվարի 17-ին Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց հետո, որտեղ նա անց էր կացրել մոտ հինգ ամիս՝ վերականգնվելով թունավորումից հետո, ինչի կազմակերպման մեջ նա մեղադրում է Կրեմլին: Բայդընը նախկինում դատապարտել է քիմիական զենքի օգտագործումը: Կրեմլը հերքել է բոլոր մեղադրանքները:

Back to top button
Close