ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Սոսկ այն միտքը, որ իր կյանքը կարող էր օգուտ տալ հայրենիքին ստիպեց արիաբար կռվել»

Արցախյան պատերազմում զոհված մայոր Տիգրան Համբարյանի կինը՝ Գոհար Հովհաննիսյանը, կյանքը պատերազմից առաջ և հետո այսպես է անվանում՝ կյանքը իր հունով և կյանքը այդ հունին հակառակ:

Տիկին Գոհարենց ընտանիքում պատերազմը իր հետքը թողել է. նրանից խլել է ամուսնուն, իրենց նպատակները, ասում է՝ պատերազմը մեզնից խլեց մեր բոլոր նպատակները, բայց առաջադրեց նոր, մի մեծ նպատակ.

«Անմահացած իմ սպայի հետմահու թնդացող փառքը ամենամեծ աղբյուրն է հանդիսանում՝ կրթելու, դաստիարակելու և մեծացնելու ևս երկու Տիգրանների, ովքեր պիտի մեծանան որպես իսկական Տիգրան Մեծի արժանի հետնորդներ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է շիրակցի հերոսի կինը:

Գոհար Հովհաննիսյանը ամուսնու մասին պատմելիս ասում է՝ իսկական հայրենասեր էր, նվիրյալ զինվորական.

«Տիգրանը հայրենասեր հրամանատար էր. իր զորքին (նաև խաղաղության օրերին) մշտապես կրակոտ սեր է ներշնչել հայրենիքի հանդեպ: Նա ծննդյան իրավունքով արդեն իսկ զինվորական էր. ուներ իսկական զինվորականին բնորոշ բոլոր գծերը… արտակարգ սպա էր, ով ուներ հարգանքի արժանի վարքագիծ:

Ամենաշատը կյանքն էր սիրում ու ապրում էր յուրաքանչյուր օրը, բայց սոսկ այն միտքը, որ իր կյանքը կարող էր օգուտ տալ հայրենիքին ստիպեց արիաբար կռվել, կյանքը չափազանց քիչ ափսոսալ ու շատ հաճախ արհամարհել:

Նրա բնավորության մեջ գերակշիռ մասը կազմում էր խիզախությունը, անվեհերությունն ու հպարտությունը։ Մշտապես հետևողական ու մտածված էր գործում ցանկացած պարագայում:

Զինվորականին բնորոշ վարքագիծն ու խստությունը միշտ թողել է աշխատավայրում, երբեք տուն չի բերել: Աչքերը միշտ վարպետորեն թաքցրել են հոգեկան տագնապը կամ անհանգստությունը»,- շարունակում է արցախյան պատերազմում զոհված սպայի կինը:

Հերոսի կինն ասում է, որ ամուսնուց սովորել է հետևողական ու մտածված գործել, ապրել ճշմարիտ ու ազնիվ, հեռու վանել վախկոտությունն ու տմարդությունը:

Տիգրան Համբարյանը ծնվել է Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: 2002-2007թթ. սովորել է ԳՊՄԻ Ֆիզիկական կուլտուրայի և ՆԶՊ ֆակուլտետում։ 2011-2016թթ. ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում որպես հատուկ նշանակության խմբի հրամանատար։ 2016թ. մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, գերազանց կատարել իր առջև դրված մարտական խնդիրներն ու առաջադրանքները, ինչի համար ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից արժանացել է պարգևատրման։ 2019թ. ծառայում էր ԱԱԾ-ի ուղեկալում որպես պետի տեղակալ։ Ուներ մայորի կոչում։ Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մարտական պատրաստականության և պատրաստության գերազանց ցուցանիշների և օրինակելի զինվորական կարգապահության համար ՊՆ-ի կողմից արժանացել է մի շարք մեդալների.

«Դրաստամատ Կանայանի» անվան մեդալ, «Անբասիր ծառայության» համար մեդալ, «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալ։

Շիրակցի սպան մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին, սեպտեմբերի 27-ից մեկնել է ռազմաճակատ և զոհվել թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների գրոհները հետ մղելու ժամանակ:

Գոհար Հովհաննիսյանը պատմում է, որ ամուսնու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 19-ի առավոտյան.

«Նա մշտապես շատ հանգստացնող ձայներանգով է խոսել առաջնագծից, երբևէ չի տրտնջացել, չի բողոքել, առավել ևս չի ներկայացրել մարտական որևէ իրավիճակ:

Իր անձին սպառնացող վտանգը և ճակատագրի «նախազգուշացնող ձայնը» անտեսած հրամանատարը անմահացել է հոկտեմբերի 19-ին Հորադիսում՝ դասվելով կյանքը հայրենիքին մարտիրոսած սուրբ նահատակների դասին։

Իմ Հերոսի բոլոր սխրագործությունները անշուշտ ամենամեծ հիացմունքն են առաջացնում և պարտավորեցնում, որ կյանքը շարունակեմ հերոսաբար և հպարտության անսպառ զգացումով զուգակցված»,- եզրափակեց շիրակցի սպայի կինը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close