Նորություններ

«Մոսկվան Արցախին տվել է կարգավիճակ, բայց ոչ այն կարգավիճակը, որ բխում է ինքնորոշման սկզբունքից. Մոսկվան Արցախին տվել է ռազմական հենակետի կարգավիճակ»

Հետպատերազմական շրջանի, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, Արցախի կարգավիճակի և այլ հարցերի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ:

Պարոն Բադալյան, ինչպե՞ս եք գնահատում հետպատերազմական իրավիճակը՝ անվտանգային ռիսկերի առումով, ինչի՞ սպասել այս փուլում. կա՞ արդյոք նոր պատերազմի վտանգ:

-Ընդհանուր առմամբ հետպատերազմական իրավիճակը Հայաստանում բավականին բարդ է, եթե խոսենք անվտանգային տեսանկյունից, ապա այսօր բնական է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի անվտանգային հարցում առանցքային դերակատարում ունի Ռուսաստանը՝ հաշվի առնելով պատերազմի հետևանքով հայկական բանակի կրած վնասների ծավալը: Միևնույն ժամանակ տնտեսական և քաղաքական առումով հայաստանյան ներքին կյանքն առայժմ բացարձակապես չի համապատասխանում այն մարտահրավերներին և նաև այն հնարավորություններին, որ կան Հայաստանի առջև:

Այս փուլում պատերազմի մեծ վտանգ չեմ տեսնում, թեև ակնհայտ է, որ ռազմական լարվածությունը տարածաշրջանում ամենևին զրոյացված չէ, առավել ևս եթե դիտարկենք, որ Կովկասյան տարածաշրջանը մշտապես լարվածության և կոնֆլիկտային «վառոդի» վրա է կառուցված, և այստեղ այդ կոնֆլիկտային թեժ փուլերը պատմական ցիկլերով անընդհատ կրկնվում են: Եթե խոսենք արցախյան հակամարտության համատեքստում, ապա բնական է՝ քանի դեռ հակամարտության կարգավորում չկա և չկա կարգավորում կարևորագույն ինքնորոշման սկզբունքի տրամաբանության շեշտադրմամբ, ռազմական լարվածության և ռազմական թեժացման հավանականությունը և ռիսկը, կարծում եմ, մշտապես առկա է լինելու:

Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի խնդիրը հակասական է, և այդ հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները. այս փուլում Արցախի կարգավիճակի հարցի շուրջ բանակցությունները որքանո՞վ եք իրատեսական համարում այն պարագայում, երբ պատերազմից հետո շատ կարևոր հարցերի լուծում չի տրվել:

 

Հակոբ Բադալյան

-Արցախի կարգավիճակի շուրջ բանակցության վերսկսումը և կարգավիճակի հարցի շեշտադրումը պետք է լինի հայկական քաղաքականության առաջնահերթությունը։ Անկասկած է, որ ուժային կենտրոնները, որ ներգրավված են այս պրոցեսում, յուրաքանչյուրը հայեցողությամբ է մոտենալու կարգավիճակի խնդրին: Բաքուն բնականաբար անելու է ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրը հնարավորինս հեռու լինի օրակարգային առաջնահերթություններից կամ ընդհանրապես չլինի: Անկարան այդ հարցում բնականաբար լինելու է Բաքվի հովանավորը և աջակիցը: Մոսկվան փորձում է մանևրել Թուրքիայի հետ պայմանավորվածությունների, Ադրբեջանին սիրաշահելու, միևնույն ժամանակ ԱՄՆ, Ֆրանսիայի հետ հարաբերությունների միջև, և այստեղ Արցախի կարգավիճակի հարցը Ռուսաստանի համար բավական հարաբերական է. մի կողմից Մոսկվան դեմ չէ, երբ ԱՄՆ-ն և Ֆրանսիան բարձրացնում և խոսում են այս հարցի մասին, մյուս կողմից՝ այդ հանգամանքը կարող է օգտագործել որպես խաղաքարտ արդեն Թուրքիայի հետ հարաբերություններում:

Ընդհանուր առմամբ Մոսկվայի դեպքում հետևյալ վիճակն է՝ Մոսկվան Արցախին տվել է կարգավիճակ, բայց ոչ այն կարգավիճակը, որ բխում է ինքնորոշման սկզբունքից: Մոսկվան Արցախին տվել է ռազմական հենակետի կարգավիճակ, և բնական է՝ փորձելու է ամեն ինչ անել այդ կարգավիճակը ամրապնդելու կամ խորացնելու համար: Այս տեսանկյունից Հայաստանի մոտեցումները պայմանավորված են լինելու հենց այդ հանգամանքով: Ւնչ վերաբերում է ԱՄՆ-ին և Ֆրանսիային, ապա նրանք բարձրաձայնում են կարգավիճակի հարցը, իհարկե բարձրաձայնում են իրենց շահերը, մոտեցումները ունենալով, բայց Երևանի համար սա հնարավորություն է, և Երևանն ու Ստեփանակերտը պետք է շահերի այդ բազմազանությունն օգտագործեն և պետք է անեն ամեն ինչ կարգավիճակի և առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի հարցը բարձրաձայնելու համար:

Երկրում բարդ է նաև ներքաղաքական իրավիճակը, 17 քաղաքական ուժեր պահանջում են վարչապետի հրաժարականը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը պարտության սիմվոլն է: Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության ընտրած պայքարի մեթոդները և ինչպիսի՞ն եք տեսնում վարչապետի հրաժարականի կամ իշխանությունից հեռացման գործընթացը:

-Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման համար շատ կարևոր է լինելու ի վերջո ներքին փոխհամաձայնությունը լայն իմաստով, երբ բոլոր քաղաքական ուժերը կհասկանան, որ միմյանց ամենավերջին բառերով և արտահայտություններով բնորոշելու փոխարեն պետք է ի վերջո պայմանավորվեն պետական շահերի շուրջ և կարողանան այդ ներքին մրցակցությունը կառուցել պետական շահերի շուրջ՝ մրցակցության տրամաբանությամբ:

Մինչև սա տեղի չունենա, ես կարծում եմ՝ Հայաստանում ներքաղաքական կյանքից արդյունավետություն, բարձր օգտակար գործողության գործակից սպասելը որոշակիորեն ինքնախաբեություն է:

Ինչ վերաբերում է վարչապետի հրաժարականի կամ իշխանությունից հեռացման գործընթացը թե ինչպիսին կլինի, ես այստեղ առանցքային եմ համարում, թե ինչպիսի պահանջ կա հանրային շրջանակում, այսինքն՝ որն է հանրային պահանջը։ Ակնհայտ է, որ հանրային պահանջն այսօր կենտրոնացած չէ անպայման հրաժարականի շուրջ, որովհետև հրաժարականից հետո հանրությանը հետաքրքրում է թե ինչ է լինելու, ինչ է հաջորդելու վարչապետի հրաժարականին. ինչ-որ մեկը պետք է Հայաստանը ղեկավարի, և հանրությունն ավելի շատ կենտրոնացած է հենց այս խնդրի վրա, այսինքն՝ ինչպիսին է լինելու հետագա կառավարումը:

Այս տեսանկյունից քանի որ հասարակությունն ամբողջական պատասխան չունի, հասարակական պահանջ որևէ ներքաղաքական հեռանկարի վերաբերյալ ձևակերպված չէ, և սա նաև քաղաքական ճգնաժամի հիմքում գտնվող գործոններից մեկն է այն իմաստով, որ քաղաքական ուժերը ոչ միայն չեն արտահայտում հանրային պահանջ, այլ նաև քաղաքական ուժերը չեն ձգտում հանրային պահանջ ձևավորելուն, և սա նաև ինքնին քաղաքական ճգնաժամ ստեղծող հանգամանքներից մեկն է, և սա է պատճառը, որ Հայաստանին անհրաժեշտ են նոր որակի և նոր բովանդակության քաղաքական ուժեր:

Ընդդիմադիր քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Գյումրիում վիրավորական ձևակերպումներ հնչեցրեց՝ ուղղված իր ճանապարհը փակած քաղաքացիներին: Ընդհանրապես, նման պիտակավորումներ տալիս են և՛ իշխանության, և՛ ընդդիմության ճամբարների ներկայացուցիչները: Ինչպե՞ս եք գնահատում նման վարքագիծը:

-Ես կարծում եմ, որ անկախ որևէ քաղաքական գործչի կամ ուժի կողմից, հանրությանը տրվող նման բնորոշումները երբևէ չեն կարող արժանանալ բացասականից ավելի մեղմ գնահատականի: Երբ քաղաքական ուժերն իրենց հանրային ոչ համակիր շրջանակներին բնորոշում են այդկերպ, դա միմիայն վկայում է նրանց թուլության, անզորության մասին և քաղաքական երկխոսության բացակայության մասին, այսինքն՝ այս իմաստով ես հավասարապես դատապարտելի եմ համարում բոլոր գործիչների այն արտահայտությունները, որոնք նսեմացնում են հանրային որևէ շրջանակի:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close