Նորություններ

«Վարչապետն անընդհատ մեղադրում է, բերում է փաստարկներ, որոնք ավելի են խորացնում տագնապն ու անհանգստությունը գերիների ճակատագրով և ընդհանրապես ՀՀ ազգային անվտանգության առումով»

«ԱԺ բարձր ամբիոնից վարչապետի կարգավիճակում նման հայտարարություններ կատարող անձը պետք է պատասխանատվություն ունենար և խորամուխ լիներ բոլոր աղբյուրների մեջ և հասկանար, որ Շուշին երբեք 90%-ով ադրբեջանական չի եղել, և այնտեղ ադրբեջանական բնակչության էթնիկական տարրը ավելացել է հայտնի ջարդերից հետո: Սա պատմական անդրադարձ է, որը, կարծում եմ, տվյալ պարագայում չիմանալը ցանկացած երկրի ղեկավարի, պատասխանատու պաշտոնյայի համար անբացատրելի է: Սա կարելի է գնահատել որպես հուզական ճիգ ինքնարդարացման, որը լրաջագույն վտանգ է Հայաստանի և Արցախի համար, կամ չիմացության արդյունք է, որը դարձյալ վտանգավոր է պետության ղեկավարի համար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետի կողմից հնչեցրած հայտարարությանը, որ Շուշին 90%-ով և ավելի ադրբեջանցիներով բնակեցված քաղաք է եղել ազատագրումից առաջ:

Դիլբարյանի խոսքով՝ Փաշինյանի ձևակերպմամբ՝ դժբախտ, դժգույն 90%-ով ադրբեջանական Շուշին երազներով գալիս և վարչապետին տանջում է, և ինքն անընդմեջ արդարացումներ է փնտրում:

«Ժառանգություն» կուսակցության նախագահի կարծիքով՝ ՀՀ ազգային անվտանգությունը վտանգված է, և այդ վտանգը գալիս է նրանից, որ այդ արդարացումները վարչապետը քաղում է ադրբեջանական աղբյուրներից և այն էլ Ալիևի քարոզչամեքենայից:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալներով գերիներ չեն վերադարձել: Ինչո՞ւ է վարչապետը նման շեշտադրում անում այն պարագայում, երբ հայաստանյան իշխանությունն արդեն տեւական ժամանակ չի կարողանում գերիների վերադարձի խնդիրը լուծել:

Հարցադրմանն ի պատասխան՝ Դիլբարյանը հայտարարեց.

Նարինե Դիլբարյան

«Ոչ միայն Շուշին է իրեն տանջում, այլ նաև գերիների խնդիրը, որը վարչապետը չի կարող լուծել, և քաղաքական ու հանրային դաշտը իրեն առաջարկեց այդ խնդիրը դարձնել ուղղակի անհրաժեշտություն՝ հաղորդուղիների ապաշրջափակումից առաջ, որը ինքը չարեց և հիմա խոսում է, թե այսպիսի ծավալներով գերիներ են վերադարձել:

Իսկ ե՞րբ ենք մենք այդքան թվով գերիներ ունեցել, մենք չենք ունեցել այս մասշտաբների պատերազմ, և բնականաբար չի եղել այսքան մեծ գերիների քանակություն:

Եվ այդ փոքր թվով գերիների վերադարձը, որը, փառք Աստծո, տեղի ունեցավ, բոլորովին էլ արդարացում չէ ներկայիս անհետևողական կամ վախվորած քայլերի համար:

Փաշինյանը փոխանակ այդպես ամբաստանելու դիմացի կողմին, որը ըստ ամենայնի հրաժարականից ճնշվելու հետևանք է, պետք է ավելի ակտիվացնի իր գործողությունները, ընդ որում՝ ամենատարբեր հարթակներով, Ռուսաստանի հետ, որը փաստորեն նոյեմբերի 9-ի դժբախտաբեր հայտարարության երաշխավորն է, բայց դժբախտաբեր փաստաթղթում կար 8-րդ կետ, ըստ որի մենք արդեն պետք է ստացած լինեինք մեր գերիներին։ Փոխանակ ակտիվացնելու իր գործողությունները, վարչապետը անընդհատ մեղադրում է, բերում է փաստարկներ, որոնք ավելի են խորացնում տագնապն ու անհանգստությունը գերիների ճակատագրով և ընդհանրապես ՀՀ ազգային անվտանգության առումով»,- հայտարարեց Նարինե Դիլբարյանը:

«Ես կարծում եմ, որ իրենք պահում են մեր գերիներին, որպեսզի ճնշեն մեզ և մեզնից կորզեն հերթական պարտությունը և ստիպեն մեզ հրաժարվել Արցախի կարգավիճակից, և բացի դրանից՝ նրանք ուզում են ունենալ լրացուցիչ լծակներ՝ ոչ թե ապաշրջափակելու համար բոլոր հաղորդուղիները (ինչի մասին նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է ու նաև հունվարի 11-ի), այլ բացեն, գործարկեն այն հաղորդուղիները, որոնք անհրաժեշտ են իրենց՝ Թուրքիան Նախիջևանով Ադրբեջանին միացնելու համար:

Համոզված եմ, որ սա Ադրբեջանի կողմից մշակված քաղաքականություն է՝ անընդհատ ունենալ ճնշման լծակներ, և ադրբեջանա-թուրքական տեսանկյունից դա լիովին բնական է, իրենք միշտ կարողացել են բանակցությունները վարել ուժի դիրքերից: Մեր գերիները, ինչպես նաև պատանդառված քաղաքացիական անձինք «դամոկլյան սրի» նման կախված են, և մեկ նպատակ ունեն՝ ահաբեկել հայ բնակչությանը և Արցախի հարցն ընդհանրապես փակված համարել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար Արցախի Հանրապետություն այլևս գոյություն չունի. իրենք լուծել են ղարաբաղյան հակամարտության հարցը»:

Դիլբարյանի խոսքով՝ նման քաղաքականությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի պետականությանը, այլ նաև ընդհանրապես տարածաշրջանում հավասարակաշռված շահերին, որովհետև թուրքական տարրի և քաղաքականության գերակայումը Հարավային Կովկասում լրջագույն սպառնալիք է այդտեղ տեղակայված մյուս պետությունների համար:

Նարինե Դիլբարյանը շեշտում է, որ ցանկացած պարագայում, անկախ ունեցած վատ արդյունքներից, Արցախի հարցը փակված չէ:

«Դրա մասին խոսում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իհարկե դա առայժմ խոսակցությունների մակարդակում է, բայց դա ուղղակի պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման հետ, որը անհետևողական է, պարտությունից հետո ջախջախված է և միտված է միայն իշխանությունը պահպանելու կամ վերարտադրելու խնդրին: Հետևաբար արտաքին քաղաքական հարցերը ոչ միայն չեն քննարկվում ամբողջական ծավալով, այլև մատնված են, այսպես ասած, ինքնահոսի, և այդ ինքնահոսի պարագայում նախարարությունը նախարարի փոփոխությամբ կատարում է ինչ-որ փոքր քայլեր:

Մենք պետք է շարունակենք հարցը հանգուցալուծել. Արցախը բզկտված է և օկուպացված: Մեզ պետք է քայլեր ձեռնարկել դեօկուպացիայի ուղղությամբ, իսկ դեօկուպացիային զուգահեռ պետք է քննարկել Արցախի կարգավիճակը: Արցախը չի կարող հենց այնպես լինել Ադրբեջանի մաս, որտեղ հայ պաշտոնյաները կարող են այցելել հումանիտար և այլ նպատակներով՝ անընդմեջ խաղաղապահների ուղեկցությամբ:

Ի վերջո նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է բոլոր ճանապարհների ապաշրջափակումը, իսկ դա ենթադրում է բոլոր քաղաքացիների շահերի պաշտպանություն:

Վերջին շրջանում Մարտակերտի բնակիչները որպես զգուշացման նշան փակեցին ռուսների ուղեկցությամբ գնացող ադրբեջանական շարասյան ճանապարհը, նամակ հանձնեցին ռուս խաղաղապահներին, որտեղ նշվում էր, որ եթե ադրբեջանցիները Մարտակերտով, Ստեփանակերտով կարող են տեղաշարժվել, ապա ինչու հայ բնակչությունը չի կարող ազատ տեղաշարժվել:

Արցախի և սահմանամերձ հայ բնակիչների կյանքը երաշխավորված չէ, որովհետև Ադրբեջանն անընդհատ խոսում է էթնիկ զտումների մասին, և Հայաստանի կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, փոխանակ զբաղվեր պատերազմական հանցագործությունների փաստերի ամբողջացմամբ և միջազգային դատարաններ դիմելու խնդրով, մտնում է ադրբեջանական քարոզչության ասպարեզ, քննարկում դրանք և տարածում»,- եզրափակեց «Ժառանգություն» կուսակցության նախագահը:

 Անահիտ Չալիկյան

Back to top button
Close