Նորություններ

Ողբերգական ավտովթար Տավուշում․ Աղստև գետում հայտնաբերվել է Hyundai մակնիշի ավտոմեքենա, որում էլ` տղամարդու դի

Այսօր, հունվարի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ Աղստև գետում ավտոմեքենա կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Իջևանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով գետից դուրս են բերել գլխիվայր շրջված Hyundai Santa Fe մակնիշի ավտոմեքենան, որից հետո պարզվել է, որ ավտոմեքենայում դի կա։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստինակության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանտար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Կարեն Աբաջյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետի տեղակալ Էդիկ Կոստանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և՝ ժամը քանիսին է նշված ավտոմեքենան բախվել բետոնե արգելապատնեշին և հայտնվել գետում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button