Նորություններ

Հեղինակավոր Forbes-ի անդրադարձը՝ ԱՄՆ-ում յոգայի ամենաերիտասարդ կին մարզիչ՝ 15-ամյա Նատալի Ասատրյանին

Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է հայազգի 15-ամյա Նատալի Ասատրյանի հաջողության պատմությունը, որին 13 տարեկանում հաջողվել է դառնալ ԱՄՆ պատմության մեջ յոգայի ասպարեզում իգական սեռի ամենաերիտասարդ մարզիչը:

Հոդվածի հեղինակ Հոլի Իվը կիսվել է իր պատմությամբ: Նա նշել է, որ տրավմատիկ փորձն է Իվին ուղղորդել Նատալի Ասատրյանի մոտ։

2019 թվականին Հոլին ավտովթարի պատճառով հայտնվել է հիվանդանոցում ու երբ կրկին կարողացել է ոտքի կանգնել ու քայլել, բժիկներն առաջարկել են յոգա, մեդիտացիա ներառել իր ամենօրյա ռեժիմում:

«Ես ապշել էի՝ իմանալով, որ Նատալի Ասատրյանը՝ իմաստուն յոգը, որն ինձ օգնեց երկարատեւ տագնապալի ամիսներից հետո զարգացնել իմ խաղաղ միտքը, ընդամենը 13 տարեկան էր», — կիսվել է հեղինակը:

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաեւ այն պատմությանը՝ ինչպես է Նատալի Ասաստրյանը դարձել ԱՄՆ-ում յոգայի իգական սեռի ամենաերիտասարդ մարզիչը:

«Ինձ միայն այդ առաջին դասն էր անհրաժեշտ, որպեսզի հասկանայի՝ ես միանգամայն կլանված եմ այդ ամենով: Ես չէի համբերում, թե երբ է գալու հաջորդ երեքշաբթին, որ նորից վերադառնամ պարապմունքի»,- ամսագրի հետ զրույցում նշել է աղջիկը:

8 տարեկանում նա սկսել է հաճախել յոգայի դասերի, որոնց մայրն էր հաճախում: Որոշ ժամանակ անց, երբ նրա սերը յոգայի նկատմամբ ավելի է մեծանում, Նատալին դիմում է մորն ու ասում, թե ինքը ցանկանում է յոգայի մարզիչ դառնալ:

Սկզբնական շրջանում նրանք դիմել են յոգա դասավանդող տարբեր հաստատությունների, բայց աղջկա տարիքի պատճառով մերժում են ստացել: Այնուամենայնիվ, երեք տարի անց աղջկա մայրիկին հաջողվել է գտնել այնպիսի մեկին, որը ցանկություն է հայտնել «հանդիպել աղջկա հետ, բայց խոստումներ չի տվել»: Ի զարմանս բոլորի՝ վերջինս շատ է հավանել Նատալիին ու հիացած է եղել նրանով: Այդ ամենից հետո էլ Նատալին սկսել է ավարտին հասցնել 200-ժամյա դասավանդման կուրսը՝ յոգայի մարզչի որակավորում ստանալու համար:

Այժմ, արդեն 15 տարեկանում, Նատալին օգտագործում է իր հարթակը՝ յոգայի գորգից դուրս ու ներս՝ փոփոխություններ մտցնելու համար:

Forbes-ը նշում է նաեւ, որ դեռահաս յոգը եւ բարերարը խորապես ներգրավված է նաեւ Քենիայի գյուղերից մեկում կրթության, առողջապահության, մաքուր ջրի եւ սանիտարական պայմանների ապահովմամբ զբաղվող Unstoppable հիմնադրամի ջանքերում:

Վերջին երեք տարիների ընթացքում Նատալին շրջագայել է ամբողջ երկրով՝ անկացնելով յոգայի դասընթացներ (COVID-19- ի պատճառով, նրա դասերն այժմ առցանց են): Շրջագայությունից ստացված հազարավոր դոլարներն ամբողջությամբ փոխանցվել են տարբեր բարեգործական կազմակերպություններին, այդ թվում՝ Կարմիր խաչին:

Լուսանկարները՝ Instagram

news.am

Back to top button
Close