ՄիջազգայինՆորություններ

ՄԻԵԴ-ի՝ ռուս-վրացական պատերազմի մասին որոշումը

Ստրասբուրգի դատարանը 2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմի գործով որոշում է կայացրել:

Վրաստանի վարչապետն այս փաստին անդրադառնալով՝ որոշման օրը Վրաստանի նորագույն պատմության պատմական օր է անվանել: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Վրաստանի նորագույն պատմության մեջ ամենակարևոր օրերից մեկն է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի դեմ դատական հայցն ավարտվեց Վրաստանի հաղթանակով: Սա մեր ընդհանուր հաղթանակն է», — գրել է Գախարիան:

Ի օգուտ Վրաստանի կայացվել են հետևյալ որոշումները.

  • Մեծ պալատի կողմից այդ խախտումների ընդունումը հաստատում է, որ Ռուսաստանը 2008- օգոստոսյան պատերազմի ընթացքում իրականացրել է վրացիների էթնիկական զտումներ,
  • Դատարանը կիսում է Վրաստանի դիրքորոշումը և ճանաչում Ռուսաստանի պատասխանատվությունը՝ վրացի ռազմագերիների և խաղաղ բնակիչների նկատմամբ խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի համար,
  • Դատարանը կիսում է Վրաստանի դիրքորոշումը և ընդունում Ռուսաստանի պատասխանատվությունը՝ քաղաքացիական անձանց ազատությունն ու անվտանգությունը խախտելու մեջ,
  • Դատարանը կիսում է Վրաստանի դիրքորոշումը և հաստատում Ռուսաստանի պատասխանատվությունը՝ պատերազմի ընթացքում Վրաստանի քաղաքացիների սպանությունների վերաբերյալ հետաքննություն չսկսելու համար:

Վրաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ռուսաստանի դեմ օգոստոսյան պատերազմի գործով դիմում էր ներկայացրել 2008 թվականի օգոստոսի 11-ին, սակայն այն վերջնականապես ընդունվեց 2011-ի դեկտեմբերի 13-ին, իսկ 2012-ի ապրիլի 3-ին գործը քննարկման  ուղարկվեց Մեծ պալատ:

Հիշեցնենք՝ վրաց-ռուսական պատերազմից անցել է 12 տարի:

2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:

Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն և վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Մինչդեռ ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով:

Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ հինգ օրերին օսական կողմն ունեցել է 365 կորուստ, վրացական կողմը՝ 412: Զոհվել են նաև 67 ռուս խաղաղապահներ: Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչ լքել է տներն ու համալրել փախստականների և բռնի տեղահանվածների շարքերը:

Back to top button
Close