Նորություններ

Միակ կինը, ով չլքեց Ասկերանի Դահրավ գյուղը պատերազմի օրերին. «Ապրել եմ Ղարաբաղում և պետք է շարունակեմ ապրել այստեղ»

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում պատերազմի օրերին ապրող միակ կինը գյուղի դպրոցում ֆիզիկա և ինֆորմատիկա դասավանդող Եվա Սարգսյանն է: Ասում է՝ ոչ մի կերպ չի ցանկացել հեռանալ գյուղից և չի էլ արտահայտվել, որ վախենում է:

«Եթե ասեմ, որ վախ չի եղել, ճիշտ չէ: Ես վախենում էի, բայց զգացմունքը պահում էի իմ մեջ, որովհետև շուրջս միայն տղամարդիկ էին, մեր երեխաները, մեր զինվորները: Ես չէի ցանկանում նրանց ցույց տալ, որ իմ հոգում վախ կա: Եթե ես ասեի, նրանք ինձ այստեղից կտանեին, բայց ես պետք էի… Ես պետք է նրանց համար պատրաստեի, լվանայի… Այստեղ իմ տուն էին գալիս զինվորներ՝ Հայաստանից, Ղարաբաղից… Ես լվանում էի, պատրաստում, հետևում»,- պատմում է բնակչուհին:

Եվա Սարգսյանի խոսքերով՝ պատերազմը հերթական անգամ ցույց տվեց, որ մարդիկ ցանկանում են ապրել այս հողում:

«Ես ինքս տեղացի չեմ: Ես եկել եմ Կիրովաբադից որպես փախստական 1988 թվականին: Իմ ծնողները տեղափոխվեցին Վեդի՝ ամեն ինչ թողնելով Կիրովաբադում: Որպես փախստական ես չէի ուզում երկրորդ անգամ բռնել այդ ճանապարհը: Ես հիմա միշտ ասում եմ՝ ես այլևս փախստական չեմ: Ապրել եմ Ղարաբաղում և պետք է շարունակեմ ապրել այստեղ:

«Մեր 18-20 տարեկան երեխաները իրենց կյանքը տվեցին այս հողի համար, և ես չեմ ուզում այստեղից ոչ մի տեղ գնալ: Մինչ ի մահ ապրելու եմ այստեղ: Ես այստեղից ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ, ոչ ես, ոչ էլ իմ ընտանիքը»:

Դահրավից պատերազմի օրերին հեռացած ընտանիքները արդեն վերադարձել են գյուղ: Ուսուցչուհին Դահրավը համարում է ապահով բնակավայր: Գյուղը չի ռմբակոծվել պատերազմի օրերին, սակայն անօդաչու թռչող սարքեր եղել են:

Back to top button
Close