ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Ես կուզեի Եռաբլուրում տղերքի առաջ գլխիկոր չկանգնել, որովհետև առաջնագծում իրենք հաղթել են, իսկ մենք՝ թիկունքում պարտվել». պատերազմում զոհված կամավորի քույր

33-ամյա Վարդգես Մանուկյանը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի սկսվելու հաջորդ օրվանից կամավորագրվել և հենց նույն օրն էլ՝ սեպտեմբերի 28-ին, մեկնել է ռազմաճակատ: Վարդգես Մանուկյանը դիպուկահար էր, հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 4-ին Հադրութում ՝թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ: Զինծառայակից ընկերները Վարդգեսին մարտական գործողությունների ժամանակ կատարած սխրագործությունների համար «Ռեմբո» են ասել:

Վարդգես Մանուկյանը ծնվել է 1987 թվականին Երևանում, ընտանիքի կրտսեր որդին էր (մեկ քույր ունի), ամուսնացած չէր:

«Վարդգեսը նվիրված որդի էր մամայիս համար, թևութիկունք իմ համար՝ ցանկացած հարցում։

Հորս մահից հետո մեր տան տղամարդն էր… մեծահոգի էր, կամեցող, առատաձեռն, բարի, խիզախ, ուրախ, հումորով, խղճով ու անվախ:

Սեպտեմբերի 28-ին կամավորագրվեց և հենց նույն օրն էլ մեկնեց ռազմաճակատ: Վարդգեսը համեմատաբար տարիքով մեծ էր և պատերազմի օրերին ժամկետային զինծառայողների համար հենարան էր, տղաների հետ կիսվել է իր զինվորական գիտելիքներով և հմտություններով… տղերքին դուխ է տվել, ասել է՝ թեկուզ զոհվենք էլ, պիտի զոհվենք հերոսաբար: Իրենք չեն վախեցել, չեն նահանջել, փախուստ չի եղել. իրենք գիտակցել են, որ իրենք հերոս են և հերոսի մահով էլ պիտի ընկնեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված դիպուկահարի քույրը՝ Լիլիթ Մանուկյանը:

Վարդգեսի հետ ընտանիքի անդամները վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 4-ին:

«Ամեն օր զանգում էր, շատ չէինք կարողանում հետը խոսել, մոտավորապես մի 10 վրկ., ոչ ավել, դե պատերազմ էր, շատ հարցեր չէինք տալիս, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է:

Պատմում էր, որ ամսի 2-ի գիշերը 3 հոգով գրավել են թշնամու տանկը… ծանր մարտեր են մղել… օրվա ընթացքում կես ժամ են քնել, սնունդ չեն ունեցել, որովհետև իրենց տեղը այնպիսին է եղել, որ ավտոմեքենան չի կարողացել մոտենա՝ սնունդ կամ ջուր հասցնի:

Իրենց դիրքերը այն հազվագյուտ դիրքերից էին, որտեղ դեմ առ դեմ են կռվել թշնամու դեմ, այսինքն՝ ԱԹՍ-ի հարվածներից չեն զոհվել, նրանք հիմնականում ստացել են հրազենային վիրավորումներ:

Երբեմն խեղդվում եմ հպարտության զգացումից, որովհետև ամեն ոք չի կարող թուրք սպանել, իսկ իմ եղբայրը սպանել է մեր թշնամիներին: Արյունս եռում է, իմ մեջ վրեժ կա, որովհետև այն հողը, որտեղ իմ եղբոր արյունն է թափվել, արյունը դեռ տաք էր, իսկ էդ հողը հանձնել են:

Կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո ես մտածում եմ, որ տղերքը անիմաստ զոհվեցին:

Ես կուզեի Եռաբլուրում տղերքի առաջ գլխիկոր չկանգնել, որովհետև առաջնագծում իրենք հաղթել են, իսկ մենք՝ թիկունքում պարտվել:

Մինչ պատերազմը բոլորիս կյանքում դինամիկա կար. կային գույներ, նպատակներ ու երազանքներ… ապրում էինք հաղթածին վայել կեցվածքով: Իմ ընտանիքի համար հատկապես հոկտեմբերի 4-ից կյանքը կանգ է առել, մեր կորստի վիշտը մեծ է, անբացատրելի:

Չգիտենք՝ որտեղից ուժ գտնենք, բայց գիտակցում ենք, որ պարտավոր ենք ապրել և ապրելով պարտավորեցնենք՝ հիշել այն հերոս տղաների մասին, ովքեր առանց մեկ վայրկյան մտածելու իրենց կյանքը զոհեցին մեր խաղաղ ապրելու համար:

Պատերազմից հետո կյանքը կանգ է առել, և հիմա չգիտենք՝ ինչպես ենք ուժ գտնելու… մենք մենակ չենք, շատերն են նույն հոգեվիճակում»:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close