ՄիջազգայինՆորություններ

Ինչ են Նավալնիից ուզում Ռուսաստանում եւ Արեւմուտքում

Հայրենիք վերադառնալով` Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներից Ալեքսեյ Նավալնին արժանացավ յուրօրինակ ընդունելության: Այստեղ նրան կալանավորեցին երեսուն օրով: Դատախազները պահանջում են, որ նրա դեմ առկա երեք եւ կես տարվա ազատազրկման կասեցված վճիռը մտնի ուժի մեջ: Նավալնին ասում է, թե անօրինական յուրացումների մասին իր դեմ առաջադրված գործն ունի քաղաքական դրդապատճառներ:

‘’Լուռ չմնաք, դուրս եկե՛ք փողոցներ: Միայն մենք կարող ենք պաշտպանել մեզ’’: Նման կոչով է այսօր Նավալնին հանդես գալիս, իր խոսքն ուղղելով իր հետեւորդներին:

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Զայբերն ասում է, որ փոխարենը թունավորողներին ձերբակալելը, ձերբակալում են թունավորվողին: Գերմանիայի կառավարությունը, երկիր, որտեղ Նավալնին ստանում էր բուժումներ, հանդես է գալիս նրան ազատ արձակելու հորդորով:

Նման կոչերով են հանդես եկել նաեւ եվրոպական մյուս երկրների առաջնորդները: ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակն էլ հայտարարել է, թե ‘’խորապես մտահոգված է’’ նրա ձերբակալությամբ: Նավալնիին ազատ արձակելու կոչերով են հանդես եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն եւ նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդընի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:

Վերլուծաբան Բեն Նոբելի խոսքերով, Նավալնին վտանգ է ներկայացնում նախագահ Պուտինի համար:

‘’Երբ մոտենում են Պետական Դումայի ընտրությունները, ոչ միայն Նավալնին, այլեւ նրա հակակոռուպցիոն հիմնադրամն է մեծ վտանգ հանդիսանում Պուտինի համար, հիմնադրամ, որի յություբյան տեահոլովակները հաճախ են տալիս կոռուպցիոն գործարքների ու գործունեության մասին տվյալներ’’, ասում է վերլուծաբանը:

Սակայն Արեւմուտքը դեռեւս չի դիմում պատժիչ գործողությունների: Եվրամիությունն անցյալ ամիս ընդունեց ‘’Մագնիտսկիի ակտը’’, որը թույլ է տալիս պատժամիջոցների ենթարկել մարդու իրավուքները ոտնահարած անհատ անձանց: Օրինագիծն առաջ քաշած ֆինանսիստ Բիլ Բրաուդերը գտնում է, որ հիմա ժամանակն է այն ուժի մեջ դնելու համար:

Նրա խոսքերով, այդ ակտն ընդունած Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Կանադան ու Միացյալ Թագավորությունը կազմում են 31 երկիր, ինչը ‘’կարող է նշանակալի ազդեցություն գործել Ռուսաստանի վրա’’:

Սակայն անհատ անձանց նկատմամբ պատժամիջոցները չեն մտահոգում Կրեմլին: Բեն Նոբելի խոսքերով, ‘’Կրեմլը կարող է հաղթահարել կարճաժամկետ անհանգստությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նավալնիին բանտում պահելով, նրան զրկում է մամուլի միջոցով մարդկանց հետ հաղորդակցվելուց’’:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը Նավալնիին ձերբակալելու հարցով հնչող քննադատությանը պատասխանում է, ասելով, թե ‘’Արեւմուտքի գործիչները սա համարում են իրենց մոտ առկա ճգնաժամերից մարդկանց ուշադրությունը շեղելու միջոց’’:

Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանի այս գործողություններն է՛լ ավելի կսրեն Արեւմուտքի հետ առկա լարվածությունը, երբ երկու կողմերում էլ սպասում են ԱՄՆ-ի նոր վարչակազմի գործողություններին ու գործունեությանը:

amerikayidzayn.com

Back to top button
Close