Նորություններ

Փիլիսոփա արտիստը. մշակույթի գործիչները՝ Վիգեն Ստեփանյանի մասին

Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի անժամանակ մահը սգում են և՛ արվեստասերները, և՛ գործընկերները՝ նշելով, որ Ստեփանյանը վառ գույն էր  հայկական կինոարվեստում և թատրոնում:

Գրող, կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը, որը Վիգեն Ստեփանյանի հետ համագործակցել է, ճամփորդել, «Արմենպրես»ի  թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ստեփանյանը մեզ շատ էր պետք և՛ մարդկային ներկայությամբ, և՛ դերասանական, ռեժիսորական տաղանդով: «Դերասան բառը հավանաբար քիչ է, երբ խոսում ենք Վիգեն Ստեփանյանի մասին: Նա արտիստ էր: Արտիստի ամբողջության մեջ նրա և՛ բեմական գոյությունն էր, և՛ սովորական՝ առօրեական գոյությունը: Շատ սիրված էր մեր մշակութային միջավայրում և դրանից դուրս: Նա 80-ականներին ասպարեզ եկավ և փայլեց մի քանի հեռուստատեսային ներկայացումներում, հետո Մայր թատրոնում էր խաղում: Կինոն միանգամից նկատեց Վիգենին: Ստեփանյանը մի շարք ֆիլմերում նկարահանվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում»,-ասաց Մուրադյանը:

Նա ընդգծեց, որ իրեն շատ է տպավորել Ստեփանյանի՝ Լիր արքայի դերակատարումը:  «Վիգենն այդ ժամանակ արդեն սպիտակամորուս էր. անսպասելի Լիր էր: Հասկացա, որ փիլիսոփա դերասան է: Նա պահպանում էր իր պլաստիկան, հատուկ արտահայտչականությունը, ձայնը, որը չէիր մոռանում: Ես բախտ եմ ունեցել Վիգենի հետ աշխատելու, ճանապարհ եմ գնացել նրա հետ ու պետք է  փաստեմ, որ Վիգենը միջավայրում միշտ ուշադրության կենտրոնում էր, ոչ որովհետև իրեն առաջ էր գցում. նա շատ ինտելիգենտ էր, կիրթ էր դա անելու համար, բայց գրավում էր բոլորին, քանի որ մագնիսական անձնավորություն էր՝ հումորով, բարությամբ լի»,-շեշտեց կինոգետը:

Մուրադյանի հավաստիացմամբ՝ Վիգեն Ստեփանյանը դեռ կարող էր ստեղծագործել: «Նա լուսավոր ներկայություն էր ու կհեռանա իրականությունից, բայց ոչ մեր ներաշխարհից, նա իր ամբողջ էությամբ լավատես էր, կյանք սիրող էր ու մեզ կասեր, որ լավատես լինենք»,-եզրափակեց Դավիթ Մուրադյանը:

Բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը, որը նաև վերոնշյալ «Լիր արքա» բեմադրության հեղինակն է, խոստովանեց, որ Վիգեն Ստեփանյանի մահը մեծ կորուստ է բոլորի համար: «Թատերական գործչի նման տեսակը մենք չունենք: Նա և՛ դերասան էր, և՛ բեմադրիչ, և՛ դրամատուրգ, նաև կոմպոզիտոր: Ստեփանյանն իր ներկայացումներից մի քանիսի  երաժշտության հեղինակն էր, բազմակողմանի օժտված էր, տաղանդավոր: Ցավում եմ, որ ժամանակակից հայ թատրոնը նման տեսակ, նման գույն կորցրեց»,-նշեց Ղազանչյանը:

Back to top button
Close