Նորություններ

Հայաստանի արտաքին քաղաքական կապերը՝ մեկ ինտերակտիվ քարտեզում․ ԻՔՄ նոր նախագիծը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», նպատակ ունենալով խթանել Հայաստանի արտաքին քաղաքականության լուսաբանումն ու հանրության շրջանում մեր երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, պատրաստել է հատուկ ինտերակտիվ քարտեզ։

Քարտեզում, ըստ այդմ, ներկայացված են աշխարհի երկրները՝ Հայաստանի հետ դրանց ունեցած հարաբերությունների վերաբերյալ հակիրճ տեղեկություններով։ Մասնավորապես, քարտեզում կան տվյալներ Հայաստանի հետ տարբեր երկրների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու տարեթվի, դիվանագիտական ներկայացուցչության, Հայաստանի հետ ունեցած առևտրաշրջանառության, երկկողմ ստորագրված փաստաթղթերի քանակի, այդ երկրի բնակչության, ՀՆԱ-ի և ժողովրդավարության ցուցանիշի վերաբերյալ։

Քարտեզը, ինչպես նշվեց վերը, ինտերակտիվ է։ Այսինքն, ամեն երկրի պատկերի վրա քլիք անելիս բացվում է հատուկ պատուհան, որտեղ և զետեղված է համապատասխան տեղեկատվությունը։ Քարտեզը նախատեսված է ինչպես լայն հանրության, այնպես էլ լրագրողների համար, որոնք կարող են տեղեկություններն օգտագործել համապատասխան երկրների հետ հարաբերությունների մասին իրենց նյութերը պատրաստելիս:

Այդ տեղեկությունների համար որպես աղբյուր է հանդիսացել գլխավորապես Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Բացի դա, տեղեկատվության աղբյուր են հանդիսացել նաև Համաշխարհային բանկը և Freedom House-ը, համապատասխանաբար՝ ՀՆԱ-ի և ժողովրդավարության ցուցանիշի վերաբերյալ տվյալների համար։

Հարկ է նշել, որ քարտեզի տվյալների բազան առաջիկայում ընդլայնվելու և շարունակաբար թարմացվելու է՝ ընդգրկելով տվյալներ նաև այլ ոլորտների վերաբերյալ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Back to top button
Close