Նորություններ

ԱՆ-ն Covid-ի դեմ պայքարի շրջանակում ձեռք է բերել և բաշխել 1000 անհատական թթվածնի կոնցենտրատոր

Առողջապահության նախարարությունը Covid-19-ի դեմ պայքարի շրջանակում ձեռք է բերել և բաշխել  194 արհեստական օդափոխության սարք, նաև շուրջ 1000 անհատական թթվածնի կոնցենտրատոր: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքները:

Վերապրոֆիլավորել և կորոնավիրուսային հիվանդությամբ են զբաղվում շուրջ 30 բժշկական հաստատություններ` Երևանում և մարզերում: Ծավալվել է շուրջ 3000 մահճակալ, որից 377-ը` վերակենդանացման բաժանմունքներում: Շուրջ 5000 բուժաշխատող ներգրավված է եղել կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների բժշկական օգնության և սպասարկման գործընթացում:

Անդրադառնալով սարքերի, անհրաժեշտ պարագաների, դեղերի ձեռքբերմանը՝  հայտնել են, որ Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և բաշխել  194 արհեստական օդափոխության սարք: Ձեռք է բերվել և բաշխվել շուրջ 1000 անհատական թթվածնի կոնցենտրատոր:

Բժշկական հաստատություններին բաշխվել են 80  պացիենտի մոնիտորներ: Ձեռք են բերվել և բաշխվել են շուրջ 500 պուլսօքսիմետրներ, շուրջ 20 լարինգոսկոպ, շուրջ 150 ավտոմատ ներարկիչներ, շուրջ 200 թթվածնային հոսքաչափ:  Հայաստանը ձեռք է բերել թթվածին արտադրող 16 մեծ կայան: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ձեռք է բերել հավելյալ 5 շտապօգնության մեքենա, ինչպես նաև` 6 ամենագնաց։ Ձեռք են բերվել և բաշխվել են 20 շտապ բուժօգնության ավտոմեքենա:

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնին, Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ին, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնին, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին և Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալին, «Դիլիջան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ին, Մարտունու ԲԿ-ին, Վեդու բժշկական կենտրոն ՓԲԸ-ին և Սպիտակի ԲԿ-ին տրամադրվել է մեկական ուլտրաձայնային հետազոտման սարք:

ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնին տրամադրվել է մեկական շարժական թվային ռենտգեն սարք, իսկ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին` թվով 2 շարժական թվային ռենտգեն սարք: Մարզային վերապրոֆիլավորված հիվանդանոցների համար ձեռք են բերվել և 4 շարժական թվային ռենտգեն սարքեր, բաշխվել են Սպիտակի, Վեդու, Մարտունու և Դիլիջանի «Իրվինգ» ԲԿ-ներին:

Նախարարությունից հայտնում են, որ ձեռք են բերվել 3 ստացիոնար թվային ռենտգենոգրաֆիայի և ֆլյուրոսկոպիայի ռենտգեն սարքավորումներ՝ անխափան սնուցման սարքավորումների հետ միասին:  Բացի այդ, ձեռք է բերվել նաև 4  թվային շարժական ռենտգեն սարքավորում և 3 ուլտրաձայնային հետազոտման շարժական սարք:

Ձեռք են բերվել հակավիրուսային «Հիդրոքսիքլորոքվին 200 մգ, Լոպինավիր-Ռիտոնավիր (Ալուվյա), «Տոնսիլիզումաբ (ակտեմրա) 200մգ, 80մգ, Ռեմդեսիվիր 100 մգ, Ֆավիպավիր 200 մգ» դեղերը, որոնք տրամադրվել են վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին:

Կորոնավիրուսով պայմանավորված` երեխաների մոտ կավասակի հիվանդությունը կանխելու և բուժելու նպատակով կազմակերպվել է «Օգտագամ» դեղի ձեռքբերումը, որը տրամադրվել է վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին:

 

Back to top button
Close