ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Որդուս մահը հոգիս դատարկությամբ է լցրել, բայց փորձում եմ մյուս երեխաներիս համար ապրել… հպարտ եմ, որ հերոսի մայր եմ»

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված լեյտենանտ Սասուն Թաթիկյանի մայրը՝ Վարսենիկ Պողոսյանը, պատմում է, որ որդին դեռևս դպրոցական տարիքից էր հետաքրքրված զինվորականի մասնագիտությամբ:

«Մենք դեմ չենք եղել իր որոշման համար. ինչպես ցանկացել է, այդպես էլ արել է: Իր ուժերով ընդունվեց, հասավ մեծ արդյունքների, բայց երեխուս նպատակները կիսատ մնացին, կյանքից շուտ հեռացավ»,- ասում է հերոսի մայրը:

Սասուն Թաթիկյանը ծնվել է Արմավիրի մարզի Դարալիկ գյուղում, ընտանիքի ավագ որդին էր (2 եղբայր և մեկ քույր ունի):

Արցախյան պատերազմում զոհված 22-ամյա հերոսը 3 տարի սովորել է «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում, այնուհետև ուսումը շարունակել է Օմսկի ռազմական ինստիտուտում, 5 տարի սովորելուց հետո վերադարձել է հայրենիք, սպայական ծառայության է անցել Խնձորեսկի զորամասում: Սասուն Թաթիկյանը մասնակցել է «Կովկաս-2020» զորավարժությանը, ցուցաբերել լավ արդյունքներ: Սեպտեմբերի 30-ին վերադարձել է հայրենիք, իսկ հոկտեմբերի 1-ից մասնակցել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին: 15 օր թեժ մարտերի է մասնակցել՝ հետ մղելով թուրք-ադրբեջանական ագրեսիան: 22-ամյա սպան իր մյուս ծառայակից 3 սպաների հետ զոհվել է հոկտեմբերի 15-ին՝ թշնամու ԱԹՍ-ի հարվածից:

«Վերջին անգամ Սասունիս հետ խոսել եմ ամսի 13-ին: Մենք Մոսկվայում էինք ապրում, ինքը օրը 2 անգամ զանգահարում էր մեզ, հետը մշտապես կապի մեջ էինք: Ամսի 13-ին 2 անգամ Սասունը զանգեց, ասաց՝ մամ ջան, չմտածես, եթե չզանգեմ, չանհանգստանաս, տեղը այնպիսին է, որ հեռախոսս զարյադկայի կամ կապերի հետ կապված խնդիր կարող է լինել: Մամ ջան, էստեղ ամեն ինչ նորմալ է, դու հանգիստ եղիր, իմ մասին հանկարծ չմտածես: Մեզ անընդհատ հույս էր տալիս, ասում էր՝ մամ, եթե դրությունը այստեղ էդքան լուրջ լինի, ես օրը 2 անգամ կզանգեի՞, ձեր հետ կխոսեի՞:

Հոկտեմբերի 14-15-ին մենք չկարողացանք Սասունի հետ կապի դուրս գալ, բայց հորեղբոր հետ ինչ-որ պահի կապ էր հաստատել, և մենք հորեղբորից Սասունից լուր ստացանք:

Հոկտեմբերի 15-ին հորեղբոր հետ խոսելուց 1 ժամ հետո դեպքը պատահել է:

Սասունս բնավորությամբ ակտիվ էր, աշխույժ, ընկերասեր և նվիրված՝ ընտանիքին, ընկերներին:

Շատ էր սիրում հայրենիքը… անընդհատ հայրենասիրական երգեր էր լսում: Տաքարյուն չէր, հանգիստ մարդ էր… մտածելակերպով տարբերվում էր, ինքը ուրիշ տեսակ էր: Որդուս մահը հոգիս դատարկությամբ է լցրել, բայց փորձում եմ մյուս երեխաներիս համար ապրել… հպարտ եմ, որ հերոսի մայր եմ, բայց սիրտս ցավում է, որ որդիս էլ կողքիս չէ:

Սասունս շատ նպատակներ ուներ. ուզում էր ուսումը շարունակել, հետաքրքրված էր բիզնեսով, բիզնես ծրագրեր էր ուսումնասիրում: Անընդհատ ձգտում էր առաջ գնալ, նույն տեղում չէր սիրում մնալ:

Պատերազմի օրերին մյուս որդիս էլ պարտադիր ժամկետային ծառայության մեջ էր, Մարտակերտում է ծառայել, և նա ևս մասնակցել է պատերազմական գործողություններին: Երկու որդիներս էլ մարտի դաշտում էին, անհանգստանում էի, աղոթում: Որդիս զորացրվել է, արդեն 4 օր է տանն է»:

Տիկին Վարսենիկը ասում է, որ կրտսեր տղան նույնպես որոշել է գնալ եղբոր ճանապարհով, հաստատ որոշել է՝ զինվորական է դառնալու.

«Սասունին կորցնելուց հետո այնքան էլ ոգևորված չենք տղայիս որոշմամբ, բայց ասում է՝ ես եղբորս շիրիմի առաջ խոսք եմ տվել, որ շարունակելու եմ իր գործը՝ դառնալով լավ սպա, որպեսզի Սասունի հոգին էլ հանգիստ լինի»:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close