ՆորություններՏնտեսական

«Կա բավականին մեծ անորոշություն, ռիսկ, և այս պայմաններում տնտեսական ակտիվություն, ներդրումների չպետք է սպասել». տնտեսագետ

Հայաստանում լայն սպառում ունեցող ապրանքները թանկանում են, ըստ վիաճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը 2019թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 3.4%:

Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

Ըստ տնտեսագետի՝ գնաճը պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով:

«Օբյեկտիվ գործոնը պայմանավորված է տնտեսական իրավիճակով՝ դրամի արժեզրկում, ապրանքի ծավալների կրճատում: Սուբյեկտիվ գործոնն էլ պայմանավորված է վատ մենեջմենթով, պետական կառավարման անարդյունավետությամբ: Այսինքն՝ ապրանքի շուկաներում ունենք մենաշնորհներ, ովքեր իրենք են գին թելադրում՝ արագ և միասնաբար բարձրացնում են, միասնաբար էլ իջեցնում են ապրանքների գները: Բացի դրանից, օրինակ, եթե դրամը արժեզրկվել է 7,8%-ով, նրանք արժեզրկումը ոչ թե 7,8%-ով են հաշվում, այլ ավելի շատ:

Եվ իրենց հաշվարկների մեջ ոչ թե 520 դրամ են վերցնում, այլ 550՝ իրենց համար ստեղծելով «անվտանգության բարձիկներ»»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:

Պարսյանի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում ևս ունենք բավականին լուրջ խնդիրներ՝ անասնապահության, հացահատիկի մշակման հետ կապված:

Տնտեսագետի պնդմամբ՝ պատճառն այն է, որ արցախյան պատերազմի արդյունքում մենք կորցրեցինք վարելահողեր, խոտհարքներ:

«2020թ. Հայաստանի տնտեսության համար ճգնաժամային տարի էր, և նման ճգնաժամ մենք վերջին 12 տարում չենք ունեցել և նման վատ հիմքերով մտել ենք 2021թ.: Մենք խնդիր ենք ունենալու հարկային եկամուտների հավաքագրման, տնտեսական ակտիվությունը խթանելու մասով: Կա բավականին մեծ անորոշություն, ռիսկ, և այս պայմաններում տնտեսական ակտիվություն, ներդրումների չպետք է սպասել»,- ընդգծեց տնտեսագետը:

Սուրեն Պարսյանի կարծիքով՝ գնաճը անխուսափելի էր՝ պայմանավորված դրամի արժեզրկմամբ, բայց պետք է լիներ կառավարելի:

«Պետությունը պետք է իր սոցիալական ծրագրերով մեղմեր գնաճի արդյունքում առաջացած խնդիրները, և երկրորդ՝ պետք է նպաստեր նրան, որ Հայաստանը ցածր գներով էներգակիրներ ձեռք բերեր: Այսինքն՝ բանակցեր ռուսական կողմի հետ, որպեսզի գազը ավելի էժան գնով ձեռք բերվեր, որը թույլ կտար նվազեցնել գազը, էլեկտրաէներգիան, և դրա արդյունքում կնվազեին նաև ապրանքների գները:

Եթե ուզում ես գնաճը կառավարել, զսպել, պետք է դա անել համակարգված, այսինքն՝ տնտեսության բոլոր օղակները պետք է ճիշտ և արդյունավետ գործեն»,- նշեց տնտեսագետը:

2021 թ. հունվարի 1-ից Հայաստանը թուրքական ապրանքներ չի ներկրի:

«Այս կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը հաստատական է, որը թույլ չի տալիս տնտեսվարողներին ճիշտ և երկարաժամկետ որոշում կայացնել: Իշխանությունը մի կողմից ընդունեց և հայտարարեց, որ 6 ամսով դադարեցնում են թուրքական ծագման ապրանքների ներկրումը, իսկ մյուս կողմից՝ խոսում են, որ հնարավոր է օգտվել թուրքական նավահանգիստներից և այլն, և այլն: Այսինքն՝ դրանք իրար հակասող որոշումներ են, և սրա արդյունքում որևէ տնտեսվարող Հայաստանում ներդրում չի կատարի՝ թուրքական ապրանքի շուկան լրացնելու կամ վերցնելու նպատակով, քանի որ 6 ամիս կամ նույնիսկ հնարավոր է մի քանի ամիս հետո որոշում կայացվի և փոխվի այդ որոշումը»:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close