Նորություններ

Ազերիները Վահագն Հովակիմյանին թաղել են որպես շեխիդի. forrights.am

Որ պատերազմը սկսվեց, 20-ամյա Վահագն Հովակիմյանը 1 տարի երեք ամսվա ժամկետային զինծառայող էր: Այդ ընթացքում մեկ անգամ էր տուն գնացել՝ անցյալ գարնանը: Իսկ սեպտեմբերի 17-ին ծնողները նրան տեսան վերջին անգամ՝ Մատաղիսի զորամասում:  Համավարակի պատճառով այցելություններն արգելված էին: Հայրը՝ Հրաչյան , որ Ռուսաստանից էր եկել ու վաղուց որդուն չէր տեսել, մի կերպ համոզել էր հրամանատարին, որ թույլ տա մի քանի ժամով տեսակցել որդուն: Դա նրանց վերջին հանդիպումը եղավ, ու հետո արդեն ընտանիքը հաճախ է հիշում այդ օրը:

Մատաղիսը Վահագի համար ճակատագրական տեղ էր, որտեղ նա ձգտում էր ու հասավ, չնայած մի անտեսանելի ձեռք, կարծես, անընդհատ հետ քաշեր նրան: Զորակոչի ժամանակ առողջական խնդիրների պատճառով ուզում էին տարկետում տալ, բայց Վահագը մտավ զինկոմի մոտ ու հրաժարվեց տարկետման իրավունքից: Երևանում էլ, վիճակահանության ժամանակ թուղթը ձեռքից արկղն ընկավ: Կարող էր ուրիշ թուղթ վերցնել, բայց նա կրկին նույնը հանեց՝ իր թուղթը, վրան սևով՝ Մատաղիս: Ծնողները պատմում են, որ սկզբում տխրել էր, քանի որ ամենադաժան բարքերով զորամասերից մեկն էր Մատաղիսը: Բայց հետո նույնիսկ հպարտանում էր Վահագը, որ ինքը Մատաղիսի դիրքը պահող զինվոր է: «Մատաղիսի դիրքը պահելը պատիվ է», — ասել է նա:

Մնացին մենակ՝ ձորի բերանին

Սեպտեմբերի 27-ին, առավոտյան 7.20 տնեցիները բացում են «ֆեյսբուքը» ու տեսնում՝ լայնածավալ հարձակում Արցախի վրա: Առաջին հարվածը՝ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ, նրանք վերցրեցին իրենց վրա: Հանկարծակի դիվերսիոն հարձակում եղավ Մատաղիսի դիրքի վրա: Թուրքը մտավ դիրք, մտավ խրամատ, մտավ զորամաս: Զինվորների անվտանգությունն ապահովելու նպատակով նահանջելու հրաման տրվեց: Երեխեքը գիշերվա կեսին անտառներով հետ փախան: Կապը Վահագի հետ առ ժամանակ խզվեց: Վահագին տեղափոխեցին այլ  դիրք՝ Մարտակերտն ու հարակից գյուղերը, Ստեփանակերտի ճամփան հսկող 530-րդ բարձունքը: Երեք հրամանատարներ են այստեղ զոհվել: Չորրորդին չուղարկեցին: Խառը վիճակ էր արդեն: Օգնության եկած կամավորներից շատերը հեռացան, դիրքը թողնելով 18-20 տարեկաններին: Նրանք մնացին մենակ, 530-րդ բարձունքից իջնող ձորի բերանին կանգնած: Ոչ ելք կար, ոչ մուտք:

Հանել միայն վիրավորներին, դիերին թողնել

Պաշտպանական գծի մեջտեղում մոբն ու կամավորներն էին, և այստեղ էր սպասվում հարձակումը: Բայց հակառակորդը խփել է ձորի ձախ ափից: 7 հոգի, նրանց թվում Վահագը, Ազնիվը, Արսենը, Արգիշտին, Վարդանը առավոտյան 6 անց տաս ընդունել են մարտը: Սկսվել է՝ արկերի տեղատարափ, ավիացիա, հրետանի: Վահագը, որ դասակի հրամանատարն էր, կռվել է 5 զենքից, մեկը դրել, մյուսով է կրակել: Հավերժ Փառք էդ տղաներին: Հենց սկզբից մի քանի հոգի վիրավորվել են: Արսենն է զոհվել: Հետո եկել է հրաման նահանջել, հանել միայն վիրավորներին, դիերին թողնել: Դիերի վրա շատ ժամանակ է գնում: Ազնիվին՝ 18 տարեկան տաղյին, որ Վահագից 20 մետր աջ ոտքերից ծանր վիրավոր, արնաքամ պարկած էր, զենք են տվել, որ պաշտպանի իրեն: Ազնիվը խնդրել, ասել է՝ ինձ իջեցրեք: Բայց տղաները չեն կարողացել իջեցնել:  Զենքը թողել են մոտը, գնացել են: Նրան սպանել է թշնամին՝ ողնաշարից ու գլխին կրակելով:  Թշնամու զինվորենրը եկել են անանուն այդ բարձունք հայկական զինվորական համազգեստով, թևերին կարմիր ժապավեններ կապած: Վահագը չի իջել դիրքից: Ընկերներին ասել է՝ ապահով իջեք, ես ձեզ կպահեմ, մեկը պետք է պահի, թ՞ե չէ: Ասում են՝ խրամատում արդեն դեմ առ դեմ հանդիպել է ազերիներին: Վիրավոր, մի ոտքը կտրված, մարտի է բռնվել ու վերջում նռնակով պայթեցրել է իրեն, որ գերի չընկնի: Հոկտեմբերի 13-ն էր: Մահից երեք օր առաջ կարողացել է զանգել է քույրիկին, ծնունդը շնորհավորել, մորն էլ, Անժելային, ասել է՝ ձեզ լավ պահեք, լավ եղեք, ու անջատել է հեռախոսը: Այդ պահին լաց է զգացել մայրը նրա ձայնում: «Տղաս հեկեկում էր, թեև լացող չէր, գիտեր, ինչ է լինելու», — ասել է մայրը՝ Անժելան, իսկ հայրը՝ Հրաչյան, հուղարկավորության ժամանակ ասել է. «Ճիշտ ապրել է, ճիշտ ծառայել է և ճիշտ զոհվել է»: Բայց շատ ավելի ուշ: Երեք ամիս է փնտրել նրա մարմինը:

 

Հ.Գ. Վահագն Հովակիմյանի մարմինը հուղարկավորել են հունվարի 13-ին: Սույն հրապարակման հիմքը նրա հարազատների` Forrights.am-ին հայտնած տեղեկություններն են:

Սյուզան Սիմոնյան

forrights.am

Back to top button
Close