Նորություններ

Ես չեմ սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի․ Աննա Գրիգորյան

«Իմ քայլը» խմբակցությունը լքած անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խմբակցությունից դուրս գալու որոշումը կայացնելուց առաջ քննարկում է ունեցել և՛ քաղաքական թիմի, և՛ խմբակցության ղեկավարի հետ։ «Կար ընդհանուր ըմբռնում իմ մոտիվների և այն պատճառաբանության շուրջ, որի համար կայացրել եմ այդ որոշումը»։

Դիտարկմանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ընտրվել են միայն Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ լինելու հանգամանքով պայմանավորված, Աննա Գրիգորյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի դերն ու նշանակությունը ընտրություններում հավաքած ձայների մասով կարևոր են եղել։ «Ես ուզում եմ հիշեցնել, որ ես նախևառաջ մեծամասնականով ընտրված պատգամավոր եմ եղել, հավաքել եմ ավելի քանի 5500 ձայն, և դրա զգալի մասը տրվել է ինձ՝ որպես անհատի և այն թիմի, որի ներկայացուցիչը եղել եմ ես»։

Պատգամավորի խոսքով՝ ինքը Ազգային ժողովում է սյունեցիների և վայոցձորցիների քվեարկության արդյունքում։ «Ինձ ճանաչում են, ճանաչում են նաև այն մարդկանց, ում հետ միասին ես արել եմ իմ քարոզարշավը»։

Աննա Գրիգորյանը նշեց նաև, որ կողմ է անցումային կառավարության ձևավորմանը՝ ընդգծելով, սակայն, որ գործող որևէ քաղաքական ուժի չի սատարում։ «Քառակուսի այդ ֆորմատը, որում փորձում են ժողովրդին դնել, այն տպավորությունն է, որ դու մտածում ես՝ իշխանությունը պետք է հեռանա օբյեկտիվ պաճառներով, միանգամից քեզ դարձնում է Վազգեն Մանուկյանի կողմնակից»։

Back to top button
Close