«Պարզվեց, որ նրանց թիվը շատ ավելին է 62-ից». Սերգեյ Լավրովը՝ հայ ռազմագերիների հետագա ճակատագրի մասին

Ռազմագերիների հարցը քննարկվել է Մոսկվայում հունվարի 11-ին: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ կայացած մամուլի ասուլիսի շրջանակներում: Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերով՝ այս հարցը մաս է կազմում նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության: Այդ հարցը քննարկվել է նաեւ Վլադիմիր Պուտինի՝ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսային զրույցների ժամանակ:
Լավրովի խոսքերով՝ ինքը եւս այդ հարցով հեռախոսային զրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
«Ամենասկզբում ավելի մեծ խնդիրներ կային հայերի մոտ, որովհետեւ նախ եւ առաջ հարկավոր էր, որ կողմերը՝ հայերը եւ ադրբեջանցիները, կազմավորեին անհետ կորածների ցանկը, որոնց իրենք ցանկանում էին դուրս բերել գերիների ցուցակից: Ադրբեջանը տվել է այդպիսի ցուցակներ, որոնցում թիվն աննշան է եղել, եւ բոլորը, ոչ միանգամից, բայց վերադարձվել են:
Հայերի կողմից ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից եւ ոչ ամբողջական»:
Լավրովի խոսքերով՝ փոխանակումը տեղի ունեցավ, եւ կողմերին հանձնվեցին նրանք, ովքեր եղել են մասնակիցը՝ նոյեմբերի 9-ին ավարտված իրադարձությունների:
«Բայց հիմա գլխավոր խնդիրն այն է, որ առաջացել է դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում. նոյեմբերի վերջին այնտեղ է տեղակայվել հայ զինծառայողների մեծ խումբ, եւ նրանք գերի են ընկել արդեն դեկտեմբերի սկզբին, 62 հոգի: Ադրբեջանական կողմն այդ փուլում հայտարարեց, որ քանի որ զինծառայողները թողնվել են այդ շրջանում հրադադարի ստորագրումից հետո, ուրեմն նրանց հարցը պետք է դիտարկել առանձին ընթացակարգով, այլ ոչ թե նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համատեքստում:
Այնուամենայնիվ, մենք՝ նախագահ Պուտինը եւ ես, իմ գործընկերների հետ քննարկումների ժամանակ առաջ ենք տանում անհրաժեշտությունը՝ շարունակել այդ հարցի քննարկումը»:
Լավրովի խոսքերով՝ ինքը քննարկումները շարունակում է Հայաստանի արտգործնախարարի հետ, որպեսզի հստակեցնի հայ ռազմագերիների ցուցակները, որոնց ադրբեջանական կողմը դեռ չի փոխանցել:
«Պարզվեց, որ նրանց թիվը շատ ավելին է 62-ից»:
Ռուսաստանի արտգործնախարարը նշեց, որ այժմ ռուս զինվորականները աշխատում են հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ՝ անվանական ցուցակները հստակեցնելու ուղղությամբ, որպեսզի հասկանան, թե որտեղ կարող են լինել այդ մարդիկ: