Նորություններ

Ուսանողական ընկերները ճակատագրի բերումով դարձան նաև մարտական ընկերներ

Բժշկական կրթօջախի շատ սովորողներ պատերազմական օրերին աչքի ընկան իրենց հերոսություններով, որոնք առավել քան օրինակելի են ապագա բժիշկների համար: Կյանքերի փրկությունն ու բուժօգնության տրամադրումն առաջնահերթություն էր, որը նրանք կատարեցին բարձր պատասխանատվությամբ:

ԵՊԲՀ քոլեջի 2020 թվականի շրջանավարտներ 19-ամյա Հակոբ Գասպարյանն ու Տիգրան Բաբայանը՝ որպես ենթասպա բուժակներ, պատերազմի առաջին իսկ օրվանից եղել են առաջնագծում և պատվով իրականացրել իրենց առաքելությունը` փրկելով շատ վիրավորների կյանքեր։ Ուսանողական ընկերները ճակատագրի բերումով դարձան նաև մարտական ընկերներ:   Քոլեջում չորս տարի սովորելուց հետո երկու ընկերները պայմանագրային զինվորական ծառայության անցան նույն զորմաասի տարբեր գումարտակներում՝ երեք տարի ժամկետով: Մարտի դաշտում կրակահերթերի, անօդաչու թռչող սարքերի հարվածների տակ բուժօգնություն են ցույց տվել և փրկել են վիրավոր զինվորների կյանքեր։

Ծառայության մեկնարկից 16 օր անց սկսվեց պատերազմը։ Սեպտեմբերի 25-ին Տիգրանը դիրքերից իջել, իսկ Հակոբը նույն օրը բարձրացել էր: Մարտական ընկերները վիրավորներին օգնության շտապելու և տեղափոխելու ընթացքում երբեմն կարծել են, որ չի հաջողվի փրկել, սակայն ամեն անգամ՝ ամենավտանգավոր իրավիճակներում էլ, նրանք կարողացել են վերադառնալ և ավարտին հասցնել սկսած գործը:

Հակոբի հայրը՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի  Համազորային պատրաստության ցիկլի ավագ դասախոս Գառնիկ Գասպարյանն է: Նա պատերազմի առաջին օրը կամավորագրվել է՝ որդու կողքին լինելու համար: Հայր և որդի որոշել էին, որ եթե իրենցից մեկը զոհվի, ապա մյուսը տուն է վերադառնալու:

Պատերազմի մասին պատկերացումներն անմիջապես փոխվեցին ռազմի դաշտում։ Արկակոծվող Հադրութում առաջին վիրավորներին օգնություն ցույց տալը նորակոչիկ բուժակների համար դարձավ օրակարգային։

«Ծառայության ընթացքում շատ ծանր դեպքեր են եղել, շատ դաժան փորձությունների միջով են անցել, ընկերներ են կորցրել, բայց դրա հետ մեկտեղ նաև շատերին օգնություն են ցուցաբերել ու դա պատճառ է հանդիսացել, որ նորից կարողանան բարձր պահել մարտական ոգին, զգում եմ որ չեն կոտրվել եղբայրս՝ Հակոբն ու հորեղբայրներիս որդիները՝ Հովհաննեսն ու Սասունը: Վերջիններս ծառայել են միասին, ցավոք, պատերազմը խլել է տղաներից մեկի՝ Սասունի կյանքը, ինչը ծանր հետք է թողել Հակոբի հոգում: Ամեն անգամ նրա մասին պատմելիս ձայնը դողում է, չի կարողանում ավարտել»,- պատմում է Հակոբի քույը՝ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի Տաթև Գասպարյանը։

Պատերազմների ժամանակ շտապօգնության մեքենաները խոցելն արգելված է, բայց տղաները նախապես գիտեին թշնամու նենգ էության մասին։ Ռազմաճակատում ամենախոցելին հենց իրենց՝ «խաչի ավտո»  անվանումը ստացած մեքենան էր։ Եթե զինվորները կարող էին պատսպարվել խրամատներում, ապա իրենք կրակահերթի տակ էին, քանի որ իրենց սպասողներ կային։

Ընկերները խոստովանում են՝ ամեն անգամ, երբ օգնում էին զինվորներին ապրել, դրանից ուժ էին ստանում։ Պատերազմի մասին շատ դրվագներ ու մանրամասներ կան, բայց հաճախ այս թեմայի մասին խոսելիս նրանք նախնտրում են լռել. լռությունը երբեմն ավելի շատ ասելիք է ամփոփում, քան խոսքը:

Հերթական անգամ վիրավոր տեղափոխելիս, Տիգրանը ծանր վիրավորվել է հոկտեմբերի 25-ին և տեղափոխվել Երևան: Նրան երկու անգամ վիրահատել են։ Չնայած բազում փորձությունների՝ Հակոբն առաջնագծում էր մինչև պատերազմի վերջին օրը։ Այժմ երկու տղաներն էլ բուժում են ստանում։

Արխիվային լուսանկարներից մեկում չորս ընկերներով են, չորսն էլ ԵՊԲՀ քոլեջի շրջանավարտներ՝ Տիգրանը, Հայկը, Հովհաննեսն ու Հակոբը:

Հակոբն ու Հովհաննեսը բուժումն ավարտելուց հետո կշարունակեն զինվորական ծառայությունը, իսկ Հայկն ու Տիգրանն ազատվել են ծառայությունից:

Հակոբը զորացրվելուց հետո ցանկանում է ուսումը շարունակել բժշկական համալսարանում:

Պատերազմ կոչվող արհավիրքը ծանր փորձություն էր ապագա բժիշկների համար, սակայն նրանք փորձում են չկորցնել լավատեսությունն ու շարժվել առաջ:

ysmu.am

Back to top button
Close