ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստան հասնելուց անմիջապես հետո Ալեքսեյ Նավալնիին բերման են ենթարկել

ՌԴ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ նա թունավորումից հետո բուժում էր ստանում, ռուսաստանցի ուժայինները տեղափոխել են «Շերեմետեւո» օդանավակայանի անցակետից: Ոստիկանությունը հրաժարվել է Նավալնիին որեւէ տեղեկություն հայտնել եւ արգելել է շփումը փաստաբանի հետ, ով նրա հետ միասին գտնվում էր օդանավում:

Ռուսաստանցի իրավապահները պնդում են, որ ընդդիմադիր գործիչը խախտել է «Իվ Ռոշեի» գործով պայմանական ազատազրկման կանոնները՝ անգամ գերմանական կլինիկայից դուրս գրվելուց հետո չգրանցվելով ՌԴ քրեակատարողական դաշնային ծառայությունում:

ФСИН-ը պահանջում է չեղյալ հայտարարել Նավալնիի պայմանական պատժաչափը և փոխարինել իրական ազատազրկմամբ՝ երեք ու կես տարի ժամկետով: Դատական ​​նիստը, որում կքննարկվի այս հայցը, նշանակված է հունվարի 29-ին:

Դեկտեմբերի վերջին Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարեց, որ խարդախության մեղադրանքով գործ է հարուցել Նավալնիի դեմ: Հետաքննության համաձայն՝ քաղաքական գործիչը յուրացրել է այն գումարները, որոնք դոնորներն ուղարկել են նրա հետ կապված հիմնադրամ: Նավալնին հերքում է մեղադրանքը:

Նավալնիի Ռուսաստան վերադառնալը գործընկերների, հակառակորդների և լրագրողների շրջանում մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Տասնյակ թղթակիցներ տոմս էին գնել՝ նրա հետ նույն ինքնաթիռով Ռուսաստան մեկնելու համար, իսկ ընդդիմության կողմնակիցները հավաքվել էին «Վնուկովո» օդանավակայանում, որտեղ ի սկզբանե պետք է ժամաներ Նավալնին:

Աղբյուր՝ BBC

Back to top button
Close