Նորություններ

Ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած ու հրաշքով փրկված մեր 6 ժամկետային զինծառայողները շարունակում են բուժում ստանալ տարբեր բժշկական կենտրոններում

Ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած և հրաշքով փրկված մեր 6 ժամկետային զինծառայողները մինչ այսօր շարունակում են բուժում ստանալ Երևանի տարբեր բժշկական կենտրոններում:

Բոլոր 6 զինվորների ոտքերը թշնամու թիկունքում գտնվելու ժամանակ ցուրտ եղանակի պայմաններում ցրտահարվել են, իսկ նրանցից մեկն էլ՝ Դավիթը, ով փորձում է կիթառ նվագել, ունի նաև ուսի հրազենային վիրավորում:

Զինվորներից 4-ի բուժումն իրականացվում է Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնում, մեկինը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում, մյուսինն էլ՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալում:

Վիրահատական միջամտությամբ ամպուտացվել են նրանց ոտնաթաթերը: Բժիշկներն անում են ամեն ինչ տղաների՝ շուտափույթ ապաքինման համար:

Օրերս Այրվածքաբանության կենտրոնում նրանց այցելել են Ֆրանսիայից ժամանած բժիշկներ, ովքեր դժվարությամբ էին հավատում, որ զինվերները ավելի քան 70 օր թշնամու թիկունքում գտնվելուց հետո, կենացմահու պայքար տալով, կարողացել են հաշքով փրկվել և այդ մասին բժիշկներին ուղեկցող լրագրողը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

Տղաներին դեռ սպասվում է 2-րդ վիրահատական միջամտությունը, որից հետո միայն նրանք կփորձեն քայլել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները վերադարձան Հայրենիք՝ այդ ծանր օրերին ուրախություն պատճառելով բոլորիս:

Նրանք են՝ Արսեն Այվազյանը, Դավիթ Սահակյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Արթուր Հարությունյաը, Արման Արմաղանյանը և Թումանյան Ռուսլանը:

Շուտափույթ ապաքինում ենք ցանկանում մեր հերոսներին:

Back to top button
Close